Մատչելիության հղումներ

Հայաստանը 236 միլիոն եվրոյի նոր վարկ կստանա «Հյուսիս-հարավ» ճանապարհի համար


Հայաստանը 236 միլիոն եվրոյի նոր վարկ կստանա Ասիական զարգացման բանկից: Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց միջազգային բանկի հետ նոր վարկային համաձայնագրին: 236 միլիոն եվրոյի վարկը կհատկացվի «Հյուսիս-հարավ» ճանապարհի 27,1 կմ-անոց հատվածի կառուցման համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ ֆինանսավորումը կուղղվի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ-անոց հատվածի հյուսիսային ենթահատվածի կառուցմանը, որի ընդհանուր արժեքը կազմում է 335 միլիոն եվրո։

«Մեզ համար առանցքային կարևորություն ունեցող «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ-անոց հատվածը բաժանել ենք երեք ենթահատվածների՝ հյուսիսային, Բարգուշատի թունելի ենթահատված և հարավային: Այս վարկով կկառուցվի հյուսիսային ենթահատվածը», - նշեց նախարարը։

Վարկի շրջանակներում նախատեսվում է կառուցել 27,1 կմ երկարությամբ ժամանակակից ճանապարհ՝ մի քանի թունելներով և բազմաթիվ կամուրջներով։ Ճանապարհը կունենա 11 մետր լայնություն և երեք երթևեկելի գոտի։ Շինարարության ավարտից հետո այս հատվածում երթևեկության արագությունը կավելանա ներկայիս 50 կմ/ժ-ից մինչև 100 կմ/ժ, ինչը, ըստ նախարարի, 1,5-2 ժամով կկրճատի երթևեկության ժամանակը։

Ծրագրի ավարտը նախատեսված է 2033 թվականի նոյեմբերին։

Կառավարության նիստի ընթացքում նշվեց, որ աշխատանքներ են տարվում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի մյուս երկու հատվածների ֆինանսավորման համար միջազգային ներդրողների հետ բանակցություններ վարելու ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հույս հայտնեց, որ «Հյուսիս-հարավ» նախագիծն արդեն մտնում է իրականացման վճռական փուլ։

«Զգացողություն ունեմ, որ «Հյուսիս-հարավի» հետ կապված մեր պլանները արդեն գոնե 70-80 տոկոսով առարկայանում են, և արդեն ունենք շանս լրջագույն և վերջնական իրագործման փուլ մտնելու», - ընդգծեց վարչապետը։

XS
SM
MD
LG