Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը կշարունակի իր գործունեությունը, իսկ մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև: Այս մասին ադրբեջանական Report-ին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիփերը:
«Առաքելության լիազորությունների մեջ է մտնում դիտարկել և զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից տիրող իրավիճակի մասին», - հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ Եվրամիությունը ողջունել է կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը:
Երևանն ու Բաքուն միաժամանակ հրապարակել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների նախաստորագրված համաձայնագրի տեքստը: Այն բաղկացած է 17 հոդվածից:
Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հինգ ամիս անց՝ Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում միայն նախաստորագրել էին համաձայնագիրը:
Ըստ համաձայնագրի՝ Երևանն ու Բաքուն պարտավորվում են ձեռնպահ մնալ որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չտեղակայել:
ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարի 20-ին։ Այս տարվա հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։
Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը բազմիցս մեղադրել են «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ: Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։