Հայաստանի լայնածավալ և արագացված զինումը և նրան մահաբեր զենքի մատակարարումը կարող է խաթարել այն խաղաղությունը, որը հնարավոր է, ամանորյա ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով՝ Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության, հանգստության և համագործակցության տարածաշրջան:
«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը։ Ուստի, իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը, որ խուսափեն այս վտանգավոր ճանապարհից», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ «Հայաստանն ի վիճակի չէ մեզ հետ մրցել ո՛չ ռազմական, ո՛չ որևէ այլ ոլորտում»։
Բաքուն հայտարարում է, թե «Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից» սպառնալով՝ «դրան պետք է վերջ տրվի, քանի դեռ ուշ չէ։ Հայաստանը մեկ անգամ չէ հայտարարել, որ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»։
Հայաստանի ռազմականացման դեմ դժգոհող Բաքուն ինքն է ընդլայնում իր ռազմատեխնիկական հնարավորությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի վերջին հայտարարեց, թե Ադրբեջանը ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ է հաստատում բազմաթիվ երկրների հետ՝ շեշտելով՝ երկրի պաշտպանունակության ամրապնդումն առաջնահերթություն է։