Մատչելիության հղումներ

«Հայաստանն արհեստական բանականությամբ կարող է է՛լ ավելի հզորացնել իր ամենաուժեղ կողմը». Երևանում մեկնարկեց WCIT 2024-ը


Նորարարության և տեխնոլոգիաների 2024 թվականի համաշխարհային կոնգրեսը Երևանում, 5-ը հոկտեմբերի, 2024թ., լուսանկարը՝ ԲՏԱ նախարարության
Նորարարության և տեխնոլոգիաների 2024 թվականի համաշխարհային կոնգրեսը Երևանում, 5-ը հոկտեմբերի, 2024թ., լուսանկարը՝ ԲՏԱ նախարարության

Ո՞ւր կարող է հասցնել արհեստական բանականության մտքի թռիչքը, ո՞ւմն է նրա կայացրած որոշումների պատասխանատվությունը, ո՞վ և ինչքա՞ն պետք է կարգավորի արհեստական բանականության ոլորտը. այս հարցերի շուրջ էր այսօր Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT 2024) առաջին քննարկումը։

Վարողը CNN-ի հայտնի բրիտանացի հաղորդավար և լրագրող Ռիչարդ Քուեսթն էր, ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանն ու ամերիկահայ գիտնական, գործարար, «Հայաստանի մանուկներ» ֆոնդի հիմնադիր Գարո Արմենը իրենց տեսակետներն էին հայտնում։ Նուբար Աֆեյանի համար արհեստական բանականությունը մարդկային երևակայությունն ընդլայնելու գործիք է։

«Ես արհեստական բանականությունը դիտարկում եմ որպես ընդլայնված երևակայություն: Մենք ունենք տրամաբանելու հմտություններ, ունենք հիշողություն՝ արդեն եղած տեղեկատվությունը պահելու համար, իսկ նոր բաներ ստեղծելու կամ պատկերացնելու համար ունենք երևակայություն: Ես 40 տարի է աշխատում եմ նորարարության ոլորտում և իմ փորձից ելնելով կարծում եմ, որ ոչինչ չի կարող մեծացնել մեր երևակայությունն այնքան, որքան արհեստական բանականությունը», - ասաց Նուբար Աֆեյանը:

Բայց արդյո՞ք արհեստական բանականությունը կօգտագործվի միայն օգուտ տալու համար, և ի՞նչ կարգավորումներ են պետք, որ հզոր այդ գործիքը վնաս չտա։ Գարո Արմենի կարծիքով՝ անընդմեջ մրցակցություն է. - «Եթե պատկերավոր ասենք՝ բարու և չարի միջև անընդհատ մրցակցություն է՝ պարան քաշելու պես, թե ով այն իր կողմը կձգի, և յուրաքանչյուրն էլ օգտագործելու է արհեստական բանականությունը, ինչպես իր տրամադրության տակ եղած այլ ցանկացած միջոց կարող է օգտագործել: Բայց այստեղ հարցն այն է՝ արդյոք բարին կհաղթի՞ չարին, և իմ պատասխանն է՝ հույս ունեմ այո։ Ինչ-որ կարգավորումներ պետք է լինեն, սակայն դրանք չպետք է արգելակեն առաջընթացը։ Արհեստական բանականությունը էվոլյուցիոն գործընթացն արագացնող գործիք է»:

Աֆեյանը կարծում է, որ ուր էլ հասնի արհեստական բանականությունը, պատասխանատվություն կրողն ամեն դեպքում պետք է լինի մարդը. - «Մարդիկ չեն կարող մեղքը գցել արհեստական բանականության վրա։ Մարդիկ պետք է իրենք շարունակաբար կրեն պատասխանատվությունը իրենց որոշումների համար և հաշվետու լինեն իրար»։

Էթիկայի խնդիրները կարևորում է լրագրող Ռիչարդ Քուեսթը, նա կարծում է, որ արհեստական բանականության դարում դպրոցներն ու ծնողները երեխաների մոտ մանկուց պետք է զարգացնեն քննադատական մտածողությունը: Իսկ արհեստական բանականության մասին քննարկումները ոչ այնքան ապագայի, որքան ներկայի մասին են։

«Առաջինը, որ պետք է հասկանալ արհեստական բանականություն մասին, այն է, որ դա արդեն իսկ գոյություն ունեցող փաստ է, արդեն իսկ մեր ներկան է։ Եվ երբ ես խոսում եմ ընկերությունների ղեկավարների հետ ու հարցնում եմ այսպես կոչված արհեստական բանականության ապագայի մասին, նրանք արդեն ասում են, որ դա արդեն ներկան է՝ այն օգտագործվում է շատ ծրագերում, ձեր մեքենայում, հեռախոսում, սպասք լվացող մեքենայում և այլն։ Այն արդեն իսկ իրականություն է, և հարցն այն է, թե որքան հեռուն այն կգնա, որքան ավելի շատ տեղերում մենք այն կօգտագործենք, և որքանով կսկսենք արհեստական բանականությանն ապավինել։ Եվ երբ այդ հարցերի հետևից գնում ենք, հասնում ենք էթիկայի խնդիրներին, և էթիկայի հարցերը հնարավոր չէ անտեսել», - նշեց Քուեսթը:

Իսկ ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանը արհեստական բանականության ոլորտում։ Նուբար Աֆեյանը կարծում է՝ Հայաստանը դեռ կարող է հասցնել վաղ փուլում ոլորտում տեղ զբաղեցնել:

«Ես կարծում եմ, որ մենք արհեստական բանականության վաղ փուլերում ենք: Մենք պետք է վստահ լինենք, որ մարդիկ հասկանում են, որ ոլորտում հասկանում են, որ հիմա արհեստական բանականության մեջ ներդրումներ կատարելու իսկական ժամանակն է։ Մենք պետք է պատրաստ լինենք ռիսկի դիմելու՝ շատ զգույշ շարժվելու փոխարեն», - ասաց ամերիկահայ գործարարը՝ շարունակելով. - «Լավ միջավայր կա, որտեղ Կառավարությունը, Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, պետական հատվածն ու մասնավոր հատվածը սկսում են համագործակցել: Եվ ես կարծում եմ, որ նաև արտաքին աշխարհի հետ մեր կապերը, ողջ սփյուռքը մեզ արագորեն կարող են շատ հետաքրքիր տեղ հասցնել: Այսպիսով, մենք պարզապես պետք է չկասկածենք ինքներս մեզ վրա, այլ պիտի սկսենք դրսևորվել»։

Գարո Արմենը ևս լիահույս է, որ Հայաստանն արհեստական բանականությամբ կարող է է՛լ ավելի հզորացնել իր ամենաուժեղ կողմը։ «Անկասկած, AI-ի (արհեստական բանականության) օգնությամբ այդ առաջընթացը պիտի կատարվի, և որքան խելացի ձևով մենք այդ արհեստական բանականությունը գործածենք, այնքան առաջընթացը կարելի է: Իմ հույսն այն է, որ որովհետև մի քիչ ավելի տկար ենք՝ ընդհանուր ձևով, քանի թե, օրինակի համար, Ամերիկան կամ Եվրոպան, մենք հայ շատ խելացի անձերը պիտի ուզեն ավելի հաճախ գործածել արհեստական բանականությունը, որ իրենք առաջացնեն: Եվ այդ ձևով մենք, Հայաստանը, ես հույս ունեմ, որ ավելի առաջանա, քան թե Եվրոպան և Ամերիկան: Այդպիսի մեծ հույս ունեմ՝ մտածումով», - ընդգծեց ամերիկահայ գիտնականը:

XS
SM
MD
LG