Մատչելիության հղումներ

Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում, մեղադրանքները սին են. ՍԴ նախագահ


Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 21-ը ապրիլի, 2025թ.
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 21-ը ապրիլի, 2025թ.

Սահմանադրական դատարանի նախագահը հայտարարում է՝ Հայաստանի Մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ: Արման Դիլանյանը «Ազատության» հետ զրույցում տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակեց սին՝ հատուկ ընդգծելով, թե այն մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել այդ թվում միջազգային կառույցներում:

«Մեր Սահմանադրությունը, որը տարբեր միջազգային փորձաքննությունների մեջով է անցել, մինչև հանրաքվեի կդրվեր և կընդունվեր հանրաքվեի միջոցով, կամ առհասարակ որպես փաստաթուղթ կձևավորվեր, ինքը տարբեր միջազգային իրավական փորձաքննությունների է ենթարկվել, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Եվ ես վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովը եթե նկատեր, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովը, մյուս այլ փորձագետների մասին չխոսեմ, իսկ տարբեր փորձագետներ ևս աշխատել են մեր Սահմանադրության տեքստի վրա ժամանակին, ես չեմ կարծում՝ նրանք նկատեին էդպիսի պահանջ՝ որևէ երկրի տարածքային ամբողջական[ության դեմ], դա չբարձրաձայնեին», - ասաց Դիլանյանը:

Սահմանադրական դատարանի նախագահը շեշտեց՝ միջազգային իրավունքն է պարտադրում պետություններին հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը. - «Չի կարող պետությունը վերցնել և որոշել, որ ինքը ունենալու է այնպիսի իրավական փաստաթուղթ, որում ուղիղ ոտնձգություն է իրականացնելու, իսկ դա հավասար է ուղիղ ոտնձգության, նույնիսկ եթե էդպիսի պահանջ դու ձևակերպում ես, այլ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ, դա միջազգային իրավակարգին հակասող կարգավորում կլինի: Եվ ես համոզված եմ, որ մեր Սահմանադրությունն էլ չունի այդպիսին»:

Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պահանջում է, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը և նախաբանից հեռացվի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակում կա:

Ամիսներ առաջ, երբ Սահմանադրական դատարանը քննում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը, որոշել էր՝ Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն Սահմանադրության նորմի ուժ, որոնք տեղափոխվել են հռչակագրից Սահմանադրություն: Այսօր Բարձր դատարանի նախագահն ընդգծեց՝ Սահմանադրության նախաբանը հռչակագրի մաս չէ. - «Նախաբանում կատարած հղումը ինքն ամբողջ ծավալով հռչակագրին կատարած հղում չէ, նախաբանից դեպի հռչակագիր գնացող հղումը ինքը էնպիսի հղում չէր, որ մենք ասեինք՝ հռչակագիրը ամբողջությամբ տեղափոխվեց և դարձավ Սահմանադրության մաս»:

Մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարարը նախօրեին դարձյալ պնդել էր, թե «Հայաստանի Սահմանադրությունը թիրախավորում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», և իրենք երկու տարի է՝ խաղաղության բանակցություններին զուգահեռ այդ մասին խոսել են, հայկական կողմին ներկայացրել փաստեր: Ջեյհուն Բայրամովն այս անգամ նաև ասել է, թե իրենց այս պահանջը բացի իրավականից ունի նաև հոգեբանական հիմնավորում:

«Մենք կարծում ենք, որ հանրաքվեով Սահմանադրությունը փոխելը նշան է, ինչ-որ առումով՝ հաստատում, որ հարևանների հանդեպ տևական ժամանակ շարունակված ագրեսիվ քաղաքականությունից հետո հայաստանյան հասարակությունը իրականում հասկանում է, որ դա սխալ քաղաքականություն էր», - հայտարարել է Բայրամովը:

Արդարադատության նախարարությունը այժմ նոր Սահմանադրություն է գրում, թե ինչ հիմնական փոփոխություններ են նախատեսվում, դեռ հայտնի չէ, բայց վարչապետն արդեն ասել է իր կարծիքը. - «Նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է»:

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Անկախության հռչակագիրի բովանդակությունը նշանակում է, որ Հայաստանի անկախ պետություն չի կարող գոյություն ունենալ: Եվ, ըստ Փաշինյանի, հենց դա է, պատճառը, որ հռչակագրին հղումը պետք է հանել Սահմանադրությունից: Նախկինում էլ վարչապետը այլաբանությամբ՝ ցլի և կարմիր շորի օրինակով զգուշացնում էր հնարավոր պատերազմի մասին, եթե հռչակագրի հղումը չհանվի:

Երբ կա արդեն Սահմանադրական դատարանի որոշումը, որ Մայր օրենքում տարածքային պահանջ չկա, այս պայմաններում հիմնավո՞ր է Անկախության հռչակագրին հղումը հանելու վարչապետի դիրքորոշումը:

«Էն դիսկուրսը, որ հիմա ծավալվում է մեր հասարակության մեջ, ես չեմ կարող հիմա, էս պահին էդ դիսկուրսի վերաբերյալ իրավական գնահատական տալ, որովհետև դրանք իրենց էության մեջ ինչ-որ առումով իրավական են, ինչ-որ առումով քաղաքական են, և ես չեմ կարող էս պահին պատկերացնել, թե էս դիսկուրսի արդյունքում ինչպիսի իրավական փաստաթուղթ կծնվի ապագայում», - ասաց ՍԴ նախագահը:

Արման Դիլանյանն այսօր չհամաձայնեց նոր Սահմանադրություն ունենալու՝ վարչապետի գլխավոր հիմնավորմանը, թե Հայաստանի բոլոր սահմանադրությունները լեգիտիմության խնդիր ունեն:

«Մենք չենք կարող որևէ վայրկյան, որևէ ակնթարթ կասկածի տակ դնել էն Սահմանադրությունը, որի պաշտպանությանն ենք մենք կոչված», - ընդգծեց Արման Դիլանյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG