Հայաստանի պաշտպանության փոխնախարար, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հունաստանում է, հայտնում են ՊՆ-ից:
Նա հանդիպումներ է ունեցել երկրի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի, ինչպես նաև Գլխավոր շտաբի պետ Դիմիտրոս Խուպիսի հետ:
Երկու հանդիպումների ժամանակ էլ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրագործմանը։
Բարձր գնահատելով համագործակցության ընթացքը՝ Էդվարդ Ասրյանն ու Դիմիտրոս Խուպիսը անդրադարձել են իրականացված աշխատանքներին, նախանշել առաջիկա անելիքները:
Նշվում է, որ խոսվել է նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցության, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
Նախորդ դեկտեմբերին Աթենքում կայացել էին Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները: Ստորագրվել էին պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագրերը։
2023-ի դեկտեմբերին Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքեցին՝ պայմանավորվելով նոր թափով զարգացնել համագործակցությունը՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ։