Մատչելիության հղումներ

«Հայաստանի ՄԻՊ- ը չի կարող անկախ գործունեություն իրականացնել Ադրբեջանում». ի՞նչ կարող է անել Պաշտպանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, արխիվ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, արխիվ

«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող անկախ գործունեություն իրականացնել Ադրբեջանում», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ եթե Պաշտպան Անահիտ Մանասյանը նույնիսկ կարողանա այցելել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին, միևնույն է՝ չի կարողանալու վերականգնել նրանց խախտված իրավունքները: Այդպիսի գործիքակազմ Պաշտպանն իր մանդատի շրջանկաներում չունի, ինչպես որ իրավունք չունի գնահատականներ հնչեցնել Ադրբեջանի բանտերի և իրավապահ մարմինների գործունեության մասին: Հայաստանի ՄԻՊ-ը նման գնահատականներ կարող է հնչեցնել միայն հայաստանյան մարմինների գործունեության վերաբերյալ:

«Քանի որ խախտումները առնչվելու են Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկի, քննչական ծառայությունների, դատախազական մարմիների խախտումներին, այս հարցերի վերաբերյալ գնահատական չի կարող ձևավորել Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը՝ ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, չի կարող Չեխիայի մարդու իրավունքների հաստատությունը մի օր հայտարարություն անել և ասել, թե, օրինակ, Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության որ մարմինը ինչպես է հարգում կամ խախտում հավաքների ազատության կամ որևէ այլ իրավունք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:

Բաքվի բանտերում գերիներին հանդիպելու և հարազատների հետ տեսակցություն ապահովելու խնդրանքով Պաշտպան Անահիտ Մանասյանին դիմել էր շուրջ երեք տարի Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Ի պատասխան՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նշել էր, որ իր լիազորություները տարածվում են միայն Հայաստանի պետական կառույցների վրա: Միաժամանակ, Պաշտպանը հերքել էր Ադրբեջանի օմբուդսմենի՝ իրեն Բաքու հրավիրելու մասին Ռուբեն Վարդանյանը հայտարարությունը, նշելով, որ որևէ պաշտոնական առաջարկ չեն ստացել:

«ՄԻՊ-երը չպետք է արտաքին քաղաքականությամբ զբաղվեն, և եթե նրանք փորձում են ձևավորել հատկապես կոնֆլիկտային կամ հետկոնֆլիկտային երկրներում արտաքին քաղաքական օրակարգեր, սա գործոն է, որը վկայում է նրանց անկախության բացակայության մասին», - ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան, արխիվ
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան, արխիվ

Հայ գերիների ներկայացուցիչը կարծում է, որ Հայաստանի ՄԻՊ-ի այցելությունը Բաքու նույնիսկ կարող է վտանգավոր լինել, քանի որ եթե Պաշտպանը մանդատ չունի վերականգնել հայ գերիների խախտված իրավունքները, ապա ձևական այցելությամբ պարզապես թույլ կտա Ադրբեջանին քողարկել և օրինականացնել խոշտանգումները: Ադրբեջանի քերակատարողական հիմնարկներում հայ գերիների վիճակի մասին զեկույցը ի վերջո ներկայացնելու է հենց Ադրբեջանի օմբուդսմենը:

«Դոմինանտ դերում լինելու է Ադրբեջանի ՄԻՊ-ը, և Ադրբեջանի ՄԻՊ-ի գնահատականներն են կանխորոշելու այդ զեկույցը, և, ըստ էության, դիմողի դերում լինելու է Ադրբեջանի ՄԻՊ-ը: Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը առայսօր անկախ գործունեություն չի իրականացրել, չի արձանագրել բոլոր խախտումները», - ասաց Սահակյանը:

Իրավապաշտպանը հարց է տալիս՝ եթե Ադրբեջանն իրապես պատրաստ է ցույց տալ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների վիճակը, ապա ինչո՞ւ թույլ չի տալիս Խոշտանգումերի կանխարգելման եվրոպական կոմիտեին այցելել նրանց, այլ փորձում է Հայաստանի Պաշտպանի միջոցով իրականացնել մի ձևական այց, որի շրջանակներում հնարավոր չէ վերականգնել հայերի խախտված իրավունքները:

Իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանի ՄԻՊ-ը. միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ Անահիտ Մանասյանը կարող է քննարկման առարկա դարձնել Հայաստանի պետական մարմինների անգործությունը, որն առաջացնում է մարդու իրավունքների խախտումներ:

Օրինակ, ըստ Սիրանուշ Սահակյանի, Հայաստանի իշխանությունը չի իրականացնում չեզոք երկրի հյուպատոսական ծառայությունների միջոցով Բաքվի բանտեր այցեր կազմակերպելու իր իրավունքը:

Բացի, այդ, Հայաստանի պետական մարմինները կարող են կազմակերպել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարազատների այցելությունը՝ այն նույն խողովակներով, ինչպես որ պարբերաբար կազմակերպվում են հասարակական կազմակերպությունների այցերը Ադրբեջան:

«Հասարակական կազմակերպությունները այցելել են Ադրբեջան, բայց դա տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ի հովանու ներքո: Մենք այս պահին ունենք գործող այլ մեխանիզմ, որը կարողանում է այցելություններ կազմակերպել, և ինչո՞ւ չօգտագործել հենց այդ նույն մեխանիզմը, որը միջպետական այդ արտաքին հարաբերություններում եղել է արդյունավետ», - շեշտեց Սիրանուշ Սահակյանը:

Ու թեև Հայաստանի Մարդու իրավունքերի պաշտպանը չի կարող Ադրբեջանի իշխանություններից պահանջել հայ գերիների իրավունքների պաշտպանություն, պահանջել նրանց դատավճիռների տրամադրում, բայց, ըստ իրավապաշտպանի, կարող է այս հարցերը բարձրացնել միջազգային հարթակներում՝ կոչ անել միջազգային գործընկերներին իրենց մանդատի շրջանակներում շտկել իրավիճակը:

ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչը միջազգային գործընկերների հետ աշխատանքի առումով Պաշտպանի գործունեության վերաբերյալ վերապահումներ չունի, կարծում է, որ ՄԻՊ-ը «բավական արդյունավետ» է գործում, ակտիվ է եղել խնդիրները բարձրաձայնելու հարցում, և որ ամենակարևորն է՝ շատ հստակ դիրքորոշում է հայտնել, որ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG