Մատչելիության հղումներ

Փորձագետները չեն բացառում՝ Հայաստանում կոռուպցիան համակարգային է. իշխանությունները հերքում են


Մինչ իշխանությունը պնդում է, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ոլորտի փորձագետները չեն բացառում, որ այն հենց համակարգային է։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը համակարգային կոռուպցիայի հավանականության մասին խոսում է՝ ներկայացնելով Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը. այն արդեն երկրորդ տարին անըդմեջ նույնն է՝ դրական 100 առավելագույնից 47 միավոր։

Վարուժան Հոկտանյանը՝ կոռուպցիայի ընկալման համաթվի մասին
please wait

No media source currently available

0:00 0:00:38 0:00

«Թրանսփարենսի ինթերնեշնլը» կոռուպցիայի ընկալման ինդեքսը ձևավորվում է տեղացի ու երկրին ծանոթ արտասահմանցի փորձագետների ու գործարարների գնահատականների հիման վրա. Հոկտանյանը շեշտում է՝ համթիվը ցույց չի տալիս երկրում կոռուպցիայի մակարդակը, բայց մոտավոր կապված է դրա հետ։ 50-ից ցածր միավորն, ըստ հակակոռուպցիան փորձագետի, արդեն փաստում է, որ երկրում կոռուպցիայի խնդիրը լուրջ է։

«Պետք է հստակ ամրագրվի փաստը, որ մեր մոտ կոռուպցիան շարունակում է մնալ խնդիր, և պետք է արվեն որոշակի լուրջ համակարգային վերանայումներ, որպեսզի մենք այս խնդրից կարողանանք ազատվել», - ընդգծեց Հոկտանյանը:

Հայաստանը համաթիվը 2019-ին էր էականորեն փոխվել՝ հեղափոխությունից հետո՝ 35-ից դառնալով 42, իսկ 2020-21 թվականներին ընդհուպ հասնելով մինչև 49-ի, իսկ արդեն 2022-ին նվազել՝ հասնելով 46-ի։ Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի գնահատականի՝ «առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ՝ առաջին հերթին այդ բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների պատճառով»։

«Մենք գտնվում ենք լճացման փուլում, դա նշանակում է, որ այն ռազմավարությունները, որ ընդունվել են, ընդունվում են ու դեռ կընդունվեն, շատ ավելի լուրջ ուշադրություն պետք է դարձնել, որպեսզի դրանք չմնան թղթի վրա», - նշեց Վարուժան Հոկտանյանը:

Իշխանության ներկայացուցիչները, կարծում են, հետագայում հնարավոր է Հայաստանը բարելավի իր դիրքերը

Իշխանության ներկայացուցիչները, մինչդեռ, կարծում են, որ հետագայում հնարավոր է Հայաստանը բարելավի իր դիրքերը կոռուպցիայի ընկալման համաթվով։ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության վարչության պետը, սակայն, այսօր ընդհանրական ներկայացրեց, թե ինչը կարող է ազդել փորձագետների ու գործարարների շրջանում կոռուպցիայի ընկալման համաթվի փոփոխության վրա:

«Կարծում ենք՝ առկա բարեփոխումների իրականացումը և ինստիտուցիոնալ մարմինների կարողությունների զարգացումը, օրենսդրական խնդիրների շտկումը կարող են հանգեցնել համաթվի փոփոխության», - ասաց Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման վարչության պետ Եփրեմ Կարապետյանը:

Տարածաշրջանում կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանից ավելի բարձր՝ 53 միավոր ունի Վրաստանը, մինչդեռ, մյուս հարևանները հետ են այդ ցուցանիշով՝ Ադրբեջանը՝ 22, Թուրքիան՝ 34 ու Իրանը 23 միավոր ունեն 2024-ին։

Չնայած իշխանությունները հերքում են, թե երկրում համակարգային է կոռուպցիան, սակայն ընդունում են՝ կոռուպցիան արմատախիլ չի եղել։ Արդարադատության նախարարն այն դրվագային է համարում։

«Օրինակները ոչ միայն չեն խոսում համակարգային կոռուպցիայի մասին, այլ նկարագրում են լրիվ հակառակ երևույթ: Դրանք դրվագային երևույթներ են, որոնց մեջ ներգրավված են եղել այս կամ այն մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Բարեբախտաբար մենք հիմա ունենա այնպիսի պետություն, որ որևէ նախարար, փոխնախարար կամ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող այլ անձ երաշխավորված չէ, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվի», - ընդգծեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Արդարադատության նախարարը տարեսկզբին հրավիրված ասուլիսին այս իշխանության օրոք պաշտոնավարած նախարարների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն դեպքերն է դրվագային համարում։

Հեղափոխությունից հետո գործող կառավարության մաս կազմող տարբեր կոռուպցիոն քրեական գործերով անցնում են ու մեղադրյալի կարգավիճակ ունեն Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

2018-ից հետո լրատվամիջոցնները պարբերաբար գրել են նաև իշխանության եկած տարբեր համայնքապետերի կողմից ծանոթ-բարեկամին ցածր գնով համայնքային հողատարածքներ օտարելու, ընտանիքի անդամին շինթույլտվություններ տալու ու հարազատների ընկերություններից գնումներ իրակացնելու մասին:

«Ազատության» վերջին հետաքննությունն, օրինակ, այն մասին էր, թե ինչպես է Վաղարշապատի համայնքապետարանը 13 միլիոնի գնում արել քաղաքապետի ամուսնու հորից: Օրերս էլ կոռուպցիոն գործով Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ ձերբակալվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG