Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության հաղթողը «Հանրապետական»-ում չի խաղա


Հայաստանի ֆուտբոլի առաջնության հաղթողը Չեմպիոնների լիգայի տնային հանդիպումը Երևանի գլխավոր մարզադաշտում չի անցկացնի։ Շուրջ 15 հազար հանդիսական տեղավորող «Հանրապետական»-ի փոխարեն «Փյունիկ»-ը երեք անգամ ավելի փոքր տրիբունաներ ունեցող «Ուրարտու» մարզադաշտում կխաղա։

Հուլիսի 16-ին Հայաստանի չեմպիոնն այնտեղ կհյուրընկալի Մինսկի «Դինամո»-ին։ Եվրագավաթների մրցաշարերում հայկական ակումբների ելույթներին ամբողջ տարին սպասող ֆուտբոլասերները վրդովված են, շատերը «Փյունիկ»-ի խաղին ներկա գտնվել չեն կարողանա։

Երկրպագուները սոցցանցերում իրենց դժգոհությունն են արտահայտում ու հարցնում՝ ինչո՞ւ։

Սեփական մարզադաշտ չունեցող ակումբն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Հանրապետական»-ում խաղալու հարցում պայմանավորվածության չեն հասել։ Կողմերի հարաբերությունները տևական ժամանակ է լարված են, «Փյունիկ»-ի սեփականատերը հիմա չի էլ հերքում՝ խնդիրն անձնական դաշտում է. «Իրենք փորձում են մեզ թելադրել՝ ինչ անենք, ինչ իրավունք ունենք խոսելու, ինչ իրավունք չունենք խոսելու, դա անընդունելի ա»:

Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը խիստ քննադատող «Փյունիկ»-ը պարբերաբար պնդում է՝ քննադատությունների համար ֆուտբոլային գերատեսչությունն իրենց «պատժում է» ու խտրական վերաբերմունքի արժանացնում։ Հիմա էլ ասում են՝ «Հանրապետական»-ն օգտագործելու համար ՀՖՖ-ն իրենց այնպիսի պայմաններ է առաջարկել, որոնց համաձայնել չեն կարող:

Նման բան արդեն եղել է, անցած տարի Ֆուտբոլի ֆեդերացիան զրկեց «Փյունիկ»-ին Աբովյանի մարզադաշտում խաղալու հնարավորությունից։ Դրան նախորդել էր ակումբի սեփականատիրոջ կոշտ քննադատությունը ՀՖՖ ղեկավարությանը։ Ավելի ուշ Ֆուտբոլի ֆեդերացիան չհերքեց՝ այդ որոշումը կայացրել են, քանի որ իրենց վարկաբեկում են:

Աբովյանում խաղալու հնարավորությունից զրկելու համար «Փյունիկ»-ը ֆեդերացիային դատի է տվել, պահանջում են պայմանագրի միակողմանի խզումը ոչ իրավաչափ ու անվավեր ճանաչել։ Քաղաքացիական դատարանը հայցը վարույթ է ընդունել, հաջորդ նիստը այս սեպտեմբերին է նշանակված։ Ակումբի սեփականատերն այժմ հայտարարում է՝ նման նոր պայմանագրի կնքումը ռիսկային է:

«Փյունիկ»-ի հետ այս բանավեճում ֆեդերացիան հիմնականում քչախոս է, անցած տարեվերջին «Ազատության» հետ զրույցում էին արձագանքել ակումբի մեղադրանքներին՝ դրանք սուտ ու կեղծ որակելով։ Անցած ամիս էլ «Հանրապետական»-ում խաղալ-չխաղալու հարցին անդրադառնալիս ՀՖՖ-ն «Փյունիկ»-ին «էժանագին մանիպուլյացիաներ» անելու մեջ մեղադրեց։

Չնայած այս դժվարություններին՝ ակումբում հույս ունեն հաջողությունների հասնել եվրագավաթային մրցաշրջանում։ Սեփականատերը հայտարարում է՝ եթե կարողանան մրցաշարի որակավորման երրորդ փուլ դուրս գալ, գուցե ստիպված լինեն այլ երկրում, օրինակ, Վրաստանում խաղալ։ Հայաստանում այդ մակարդակի հանդիպում հնարավոր է անցկացնել միայն «Հանրապետական»-ում։

Ինչու ՀՖՖ-ն թույլ չի տալիս «Փյունիկին» «Հանրապետականում» խաղալ ՉԼ ընդառաջ
please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00

XS
SM
MD
LG