Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ


Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացման ընթացակարգի շրջանակներում ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են վարչապետի աշխատակազմից։

ՍԴ դրական դիրքորոշման դեպքում փաստաթուղթն արդեն կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը:

ԱԳՆ-ից այսօր հայտնեցին, որ ստորագրվել է երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

Ըստ վարչապետի աշխատակազմի՝ կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով, այն կհրապարակվի առաջիկա երկուշաբթի օրը։

«Փաստաթղթի ավելի ուշ հրապարակումը կապված է երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ», - ասված է պատասխանի մեջ։

Սահմանազատման սկզբունքներն ամրագրող փաստաթուղթը պետք է համաձայնեցվեր մինչև հուլիսի մեկը։ Վարչապետի աշխատակազմի ներկայացմամբ՝ բանակցությունների համար փաստացի մի փոքր ավելի շատ ժամանակ է պահանջվել նախագիծը վերջնական համաձայնեցնելու և ստորագրելու համար:

Կանոնակարգի հաստատումից հետո Երևանն ու Բաքուն պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը:

  • Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
  • Բողոքի ակցիաներին զուգահեռ իրականացված հատվածական սահմանազատմամբ 12 կմ երկայնքով նոր սահման գծվեց, հայկական տներ ու տարածքներ անցան Ադրբեջանին։

XS
SM
MD
LG