Մոսկվայից զգուշացնում են, թե Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանի Դաշնությունից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն կասկած է հայտնել, թե որևէ այլ երկիր կարող է փոխարինել Ռուսաստանին։
«Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ և վաղուց աշխատում է Հայաստանում ոչ ամենապարզ պայմաններում», - ասել է Շոյգուն։
Հայաստանում գործող «Հարավկովկասյան երկաթուղին» 30 տարի ժամկետով՝ 2008-ից ռուսական երկաթուղին է կառավարում՝ հավատարմագրային սկզբունքով։ Կառավարումը ևս 10 տարով երկարաձգելու հնարավորություն կա։
Բայց մինչ պայմանագրի ժամկետի ավարտը՝ Երևանում սկսել են խոսել հավատարմագրային կառավարումն այլ երկրի փոխանցելուց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս խոսեց երկաթուղու կառավարման իրավունքն այլ երկրի կողմից ձեռքբերելու հնարավորությունից։ Փաշինյանը շեշտել էր՝ կառավարումը կարող է ձեռքբերել Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր՝ տալով Ղազախստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների անունները:
«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը: Ես կարծում եմ՝ պետք է նայել, օրինակ, Ղազախստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քաթարը կամ որևէ այլ երկիր, որը հիմա մտքովս չանցավ, բայց երկրներ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ», - ասել է վարչապետը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կան ուժեր, որոնք ցանկանում են շրջանցել TRIPP-ը՝ պատճառաբանելով, թե Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։
«TRIPP-ի շրջանակներում կան ւժեր, ովքեր ասում են, որ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ մտնում է Նախիջևան, չմտնի Նախիջևան և շրջանցի Հայաստանը: Բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են՝ «ոնց շրջանցի Հայաստանը, Հայաստանը մեր գործընկերն է»: Այդտեղ նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է: Մենք ամեն ինչ անում ենք հետ համոզելու համար, որ, այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է, ու Ռուսաստանը որևէ ձևով չի ցանկանում ու գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ: Սրա մասին ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ նա աջակից է այս բոլոր ծրագրերին: Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում՝ արևելքում, արևմուտքում, հարավում, երբեմն հյուսիսիներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո պետք չէ Հայաստանով շարունակել, որովհետև երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո», - ասել է վարչապետը:
Փաշինյանը պնդել էր, թե Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում ու մրցակցային առավելությունը՝ կորցնում։
«Պիտի այս տեղեկատվությունը մենք թափանցիկ կիսենք նաև Ռուսաստանի գործընկերների հետ, որ մենք փաստորեն... սա բյուրեղանում է, ես զգում եմ, որ բյուրեղանում է, մենք չենք կարողանում, ինչքան էլ խոսում ենք, ակտիվ պարզաբանում ենք, մենք տեսնում ենք, որ բյուրեղանում է, ու կողմնակիցները, որ՝ «այո, ուրեմն պետք Հայաստանը շրջանցել», նկատի ունեմ Նախիջևանից հետո, մեծանում են, և մենք հիմա սենց իրավիճակի առաջ ենք հայտնվում: Մենք Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ոչ ցանկություն ունենք, ոչ մտադրություն ունենք, ոչ ունեցել ենք, ոչ էլ երբևե կունենանք, բայց հիմա Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով, մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անցած տարեվերջին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել էր այս երկու հատվածներում երկաթուղին վերականգնելու հարցը, հետո տեղեկացրել՝ ռուսական կողմին նաև գրավոր են դիմել, ու եթե Մոսկվան այդ աշխատանքները պատշաճ ժամկետում չիրականացնի, Երևանը պատրաստ է պետական միջոցներով վերականգնել ենթակառուցվածքները:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն օրերս տեղեկացրեց, որ Ռուսաստանը դրական է արձագանքել վարչապետ Փաշինյանի առաջարկին ու որոշել է առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի հետ Երասխի ու Ախուրիկի հատվածներում երկաթուղին վերականգնելու համար:
Մոսկվայից հնչող նախազգուշացումներին պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել: «Ազատությունն» այսօր փորձեց մեկնաբանություն վերցնել տարածքային կառավարման նախարարից, որի ղեկավարած գերատեսչության տիրույթում է երկաթուղին: Դավիթ Խուդաթյանը ողջ օրվա ընթացքում զանգերին չպատասխանեց, ոչ էլ կառավարության նիստից հետո մոտեցավ լրագրողներին:
Ու մինչ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է, որ ռուսական ընկերություն ավելի քան 400 միլիոն դոլարի ներդրում է կատարել հայկական երկաթուղում, «Ազատության» հետաքննությունը վերջերս պարզել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղին» անցած շուրջ երկու տասնամյակի ընթացքում եզակի տարիների է աշխատել շահույթով և Հայաստանի բյուջեից միլիոնավոր դրամների սուբսիդիա չի ստացել՝ որպես վնասի փոխհատուցում։