Հայաստանի տնտեսության առանցքային՝ արդյունաբերական ճյուղի անկումը չի դադարում. ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա առաջին կեսին արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը 12 տոկոսով ավելի քիչ է եղել, քան 2024-ի նույն ժամանակահատվածում: Շեշտակի՝ 45 տոկոսով նվազել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը, փոխարենը շարունակվում են ծառայություն մատուցողների բիզնես հաջողությունները, շինարարության ոլորտն էլ երկնիշ աճ է գրանցում:
Շինարարության ծավալն այս տարվա առաջին կեսին գրեթե 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
Հայաստանի տնտեսության բացարձակ առաջատարը առևտրի բնագավառն է. տարվա առաջին կեսին արդեն ավելի քան 7.5 միլիարդ դոլարի շրջանառություն է եղել: Հայաստանի ամբողջ արդյունաբերության ցուցանիշը 3.3 միլիարդի էլ չի հասնում: Ծառայությունների ճյուղը երկրորդ տեղում է՝ շուրջ 4.7 միլիարդ դոլար ցուցանիշով:
Առևտրի ու ծառայությունների ոլորտների դերը Հայաստանի տնտեսությունում տարեցտարի մեծանում է, Վիճակագրական կոմիտեի ընդամենը չորս տարի առաջ հրապարակած զեկույցը լիովին այլ պատկեր էր ցույց տալիս: Եթե հիմա առևտրի ընդհանուր ծավալն ավելի քան երկու անգամ գերազանցում է արդյունաբերության ճյուղին, 2021-ին տարբերությունը չէր անցնում 30 տոկոսը: Ծառայությունների բնագավառը, որն այժմ Հայաստանի տնտեսության երկրորդ ամենամեծ ուղղությունն է, այն ժամանակ զիջում էր արդյունաբերությանը:
Տնտեսության ու ընդհանրապես հայաստանցիների սոցիալական վիճակի մասին խոսելիս իշխանությունները սովորաբար շրջանցում են անկումային ցուցանիշները: Վարչապետ Փաշինյանը, որը շարունակ պնդում է, թե մարդիկ հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, այժմ էլ որոշել է ժողովրդի բարեկեցությունը սեփական՝ «վարդավառյան» բանաձևով չափել. -
«Հուլիսի 27-ին միայն Սևանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել՝ ճնշող մեծամասնությունը Երևանից և 9 մարզերից։ Ընտանիքով Սևանի ափ գալը ծախս է, շոշափելի ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը և ինչո՞ւ նախկինում այս մասշտաբներով չէր արվում»:
Ֆեյսբուքյան գրառումը վարչապետը շարունակել է ռեստորանների բարձր պահանջարկի, դեպի Եվրամիություն հանգստի մեկնել ցանկացող մարդկանց թվի աճի մասին պնդումներով՝ փաստորեն սրանք բարեկեցության ցուցիչ համարելով:
Փաշինյանը, սակայն, չի հիշատակել իր կառավարության՝ մինչ այս պահը թղթի վրա մնացած տնտեսական խոստումները. վարչապետը չի անդրադարձել ոչ սահմանված շեմից բարձր գործազրկության մակարդակին, ոչ 20 տոկոսը գերազանցող աղքատությանը, ոչ էլ միջինը 49 հազար դրամ կազմող կենսաթոշակին, որը կառավարության խոստման համաձայն մինչև 2026-ը պետք է հավասարվեր սպառողական զամբյուղին, սա գործնականում արդեն անհնար է: Թե 49 հազար դրամ ստացող տարեց քաղաքացին կամ աշխատանք փնտրող ու չգտնող գործազուրկը քանի անգամ կարող են Սևանի ափին հանգստանալ ու ռեստորաններում ընթրել, վարչապետ Փաշինյանը չի հաշվել:
Իսկ ահա արդեն արտաքին առևտրի ցուցանիշներին, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության նվազմանը Փաշինյանը նախորդ շաբաթ է անդրադարձել, այդ երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ են այս մասին խոսել: Հայ հանրությունը, սակայն, միայն ռուսական մամուլից տեղեկացավ, որ նաև այս հարցն է քննարկվել: Ռուսական լրատվամիջոցները փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերն էին մեջբերում. -
«Մենք կենտրոնացել ենք առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերի վրա։ Իհարկե, մենք մտահոգված ենք երկու երկրների միջև առևտրաշրջանառության կրճատմամբ»:
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կտրուկ նվազումը մեծապես Ռուսաստանի հետ առևտրի պասիվացմամբ է պայմանավորված: Այս տարվա առաջին հինգ ամիսներին այն շուրջ 2.8 միլիարդ դոլար է կազմել, 2024-ի նույն ժամանակահատվածում ընդհանուր ծավալը 6.7 միլիարդի էր հասել:
Տնտեսագետն ընդգծում է՝ Հայաստանի արտաքին առևտրի նախորդ տարիների ռեկորդային ցուցանիշները մեծապես Հայաստանի տարածքով ռուսական ոսկու վերաարտահանման արհեստական արտաքին գործոնով էին պայմանավորված. - «2023 թվականի նոյեմբերից սկսած Հայաստանը մտավ, այսպես, ոսկու առևտրի շրջանառության մեջ, և Հայաստանի միջոցով ոսկի և ադամանդ էր վերաարտահանվում արաբական երկրներ, Հնդկաստան, Չինաստան և այլ ուղղություններով: Եվ սա նպաստեց, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը մի քանի անգամ ավելանա»:
Ռուսաստանը փոխեց խաղի կանոնները, և այս գործոնը թուլացավ, «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը. - «Արդեն 2024 թվականի մայիսից մենք ունեցանք ոսկու վերաարտահանման ծավալների էական նվազում, քանի որ Ռուսաստանը վերացրեց արտահանման տուրքը, իսկ Հայաստանը մտցրեց արտահանման տուրք: Այդ երկու գործոններով պայմանավորած՝ արդեն կանխատեսելի էր, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը էապես փոխվելու է»:
«Արդեն կարող ենք արձանագրել, որ այդ ոսկու վերաարտահանումը մեզ համար, մեր տնտեսության համար ոչ թե, այսպես, բարիք եղավ, այլ ավելի շատ չարիք, քանի որ դա բացասական ազդեցություն թողեց, նախ, արտաքին տնտեսական ցուցանիշների իրական պատկերը գնահատելու համար, և երկրորդը՝ դա իր ազդեցությունն է թողել և թողնում է փոխարժեքի վրա», - նշեց Պարսյանը:
Չնայած այս նվազմանը՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված ազդեցությունը Հայաստանի վրա առայժմ էական է, ընդգծում է տնտեսագետը: Հայաստանը շարունակում է դեպի Ռուսաստանի վերաարտահանման հարթակ մնալ:
Սա է վկայում նաև հազար խոշոր հարկատուների ամենաթարմ զեկույցը. այս տարվա առաջին կեսին ամենաշատ հարկ վճարած ընկերությունը էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող Mobile Centre ընկերությունն է՝ մոտ 33 միլիարդ դրամ են փոխանցել պետական բյուջե, առաջ անցնելով Grand Tobacco-ից, «Գազպրոմ Արմենիա»-ից, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից: