Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը մոտ ապագայի խնդիր է, կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ սահմանի բացումը կապ ունի Հայաստան-Ադրբեջան գործընթացի ավարտի հետ։
«Այսպես ասած, անդառնալիության կետի անցման հետ, որն, ըստ իմ գնահատականի, մոտ ապագայի խնդիր է: Որևիցե նախադրյալ չկա կարծելու, թե այդ հարցը չի լուծվի կամ հավելյալ կձգձգվի», - նշեց ԱԽ քարտուղարը:
Թուրքիայից Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգ չի տեսնում Սիմոնյանը: Նրա կարծիքով՝ այդ վտանգը հավասար է զրոյի:
«Ես [2025 թվականի] օգոստոսի 8-ից սկսած ընդհանրապես որևիցե վտանգ չեմ տեսնում և չեմ ուզում կապել 102-րդ ռազմաբազայի գործոնը Թուրքիայի հետ: Ի՞նչ արեց բազան, երբ ռուսական ուղղաթիռ խփվեց», - նշեց Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցով տարիներ առաջ մեկնարկած գործընթացը դեռ շոշափելի արդյունք չի տվել: Հակառակ պայմանավորվածությունների՝ թղթի վրա է մնացել անցած տարիներին ձեռք բերված գլխավոր համաձայնությունը՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար:
Այս փուլում նաև Երևան-Անկարա բանակցությունների ձևաչափն, ըստ էության, գոյություն չունի․ Ռուբեն Ռուբինյանը, որը հայկական կողմի հատուկ ներկայացուցիչն էր, ԱԺ փոխնախագահ ընտրվելուց հետո այլևս չի զբաղվում այդ հարցով: Նոր ներկայացուցչի նշանակման վերաբերյալ վարչապետ Փաշինյանն ակնարկել էր, որ գուցե ձևաչափը վերանայվի: ԱԽ քարտուղարն այսօր հայտնեց, թե թեմայի վերաբերյալ կոնկրետ տեղեկություն չունի:
Օրերս էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել՝ Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է նախատեսվածի համաձայն», - ասել է Էրդողանը։
Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել՝ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ: