Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին «ԱԱԾ պադվալ ուղարկելու» վարչապետի զգուշացումից ուղիղ մեկ ամիս անց Գլխավոր դատախազությունը դիմեց խորհրդարանին, որպեսզի ստանա պատգամավորների համաձայնությունը ընդդիմադիրներ Օհանյանին և Արծվիկ Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար: Երկու պատգամավորներն էլ միաձայն պնդում են՝ գլխավոր դատախազը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվերն է կատարում:
Օհանյանը, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ: Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծած Հայոց պետականությանը սպառնացող վտանգներից»:
Ըստ դատախազության՝ Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը և առանց կառուցապատման իրավունքի այնտեղ կառուցել առանձնատուն: Իսկ 2021-ին ընտրվելով պատգամավոր՝ Օհանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել է այդ սեփականությունը:
Դրախտիկի հողատարածքը նոր չէ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել, դատախազությունը դեռ երկու տարի առաջ այն բռնագանձելու պահանջով հայց է ներկայացրել դատարան: Գործը դեռ քննության փուլում է:
Սեյրան Օհանյանը կարճ գրառման մեջ չի անդրադարձել իրեն վերագրվող ոչ միայն այս, այլ նաև մյուս՝ կաշառք վերցնելու դրվագին:
Դատախազության պնդմամբ՝ պաշտպանության նախկին նախարարը պաշտոնավարման շրջանում նաև 58 միլիոն դրամ կաշառք է ստացել նախարարության գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու համար:
Օհանյան թիմակից Արմենուհի Կյուրեղյանը, որ այսօր լրագրողների հետ զրույցում քրեական գործերը քաղաքական պատվեր որակեց, Օհանյանի՝ Սևանի ափին ապօրինի առանձնատուն կառուցել-չկառուցելու հարցին ընդհանրական պատասխան տվեց. «Ես ընդհանրապես որևէ մեկի կողմից պաշտոնի չարաշահմամբ որևէ ամառանոց կամ կառույց կառուցելու մասին ոչինչ չեմ կարող բացառել»:
Նույն քրեական գործով, ըստ դատախազության, բավարար հիմքեր կան, որ մեղադրանք առաջադրվի նաև Արծվիկ Մինասյանին: Միջնորդագրում նշվում է, որ Մինասյանն էլ, լինելով բնապահպանության նախարար, չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Սեյրան Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանը պատճառելով էական վնաս:
Մինասյանը ևս քրեական գործին ֆեյսբուքյան գրառմամբ է անդրադարձել. «Ականատես ենք պետական մակարդակով հերթական կլյաուզիային։ Մասնագիտական, քաղաքական ու բարոյական առումով որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարուցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։ Դատախազը, հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները, իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը»:
Ընդդիմադիր պատգամավոր Կյուրեղյանի պնդմամբ՝ մի քանի տարվա վաղեմության այս գործը դատախազությունը օրակարգ բերեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի հետո:
«Բոլորս հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքը, իր վարքագիծը, և այնտեղ համբալից բացի, նաև սպառնալիքներ, որ այ դուք կտեսնեք՝ դուք պետք է հայտնվեք այստեղ, և բնականաբար, հրահանգ է իջել, որ անպայման պետք է գործ հարուցելու գործ սկսել, այսինքն՝ հանրությանը ներկայացնել, որ նման գործ կա», - ասաց Կյուրեղյանը:
Ազգային ժողովը գլխավոր դատախազի միջնորդությունները կքննարկի հաջորդ շաբաթ սպասվող քառօրյային: