Մատչելիության հղումներ

«Հաշմանդամ երեխային որբ են թողել». գյումրեցի կինը պահանջում է ազատ արձակել ամուսնուն


Հոկտեմբերի 20-ին 59-ամյա Ռաֆիկ Հակոբյանը դեղատուն է շտապել՝ ծանր հաշմանդամություն ունեցող դստեր համար դեղ գնելու, բայց դեղատան փոխարեն հայտնվել է ոստիկանությունում, ձերբակալվել, ապա 2 ամսով կալանավորվել:

Այդ օրը Գյումրիի կենտրոնում լարված իրավիճակ էր, իրավապահները քաղաքապետարանի ներսում փորձում էին ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, իսկ դրսում մեծաթիվ ոստիկանական ուժերն էին ու քաղաքապետի աջակիցները:

Հակոբյանի կինը՝ Լուիզա Մնոյանը պնդում է՝ ամուսինը ցուցարարների հետ որևէ կապ չունի, ընդամենը դեղատուն էր գնում:

«Առանց որևէ հիմնավորման ձերբակալել են ամուսնուս, ամուսինս ոչ խփել է, ոչ հարձակվել է, ոչ մի ապացույց չունեն: Ձերբակալել են՝ հաշմանդամ երեխային թողնելով որբ, - «Ազատությանն» ասաց նա, - Երեխան որովայնի հատվածում ցավեր ուներ: Ամուսինս գնաց դեղ բերելու ու չհասավ դեղի, առանց հիմնավորման ոստիկանները ձերբակալեցին: Դեղ բերելու համար ամուսնուս աքսորել են առանց հիմնավորման, սուտ ցուցմունք, սուտ մատնություն: Անցնելուց է եղել, անմեղ տեղը ոստիկանները նստացրել են մեքենան, տարել»:

Քննիչները մինչդեռ համարում են, որ Հակոբյանը զանգվածային անկարգության է մասնակցել ու խոչընդոտել արդարադատության իրականացմանը: Վերաքննիչ դատարանն օրերս մերժել է գյումրեցի տղամարդու կալանքը փոխելու փաստաբանի բողոքը: Ու 1.5 ամիս է սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքը հայտնվել է ավելի դժվար իրավիճակում, տան հոգսը, հոգեկան ու հենաշարժողական խնդիրներ ունեցող դստեր խնամքն ընկել է մոր՝ Լուիզա Մնոյանի ուսերին: Կինն ասում է՝ միայնակ չի կարողանում ապահովել հաշմանդամություն ունեցող դստեր խնամքը:

«Առաջին կարգի հաշմանդամ է, հսկողության տակ գտնվող հիվանդ է, դեղորայքային բուժում ստացող, մշտական բժշկական խնամքի կարիք ունեցող հիվանդ է: Երեխաս հսկողության տակ գտնվող հաշմանդամ է, ես չեմ կարող գնալ դեղի: Երեխաս առանց հսկողության կմնա: Ամուսինս խնամքով էր զբաղվում, դեղ էր բերում, հաց: Ես մտածում եմ՝ ի՞նչ պիտի անեմ: Երկու ամսվա թոշակը բանկում էր մնացել, երեկ եմ գնացել, հանել: Իմ երեխուն ո՞վ կգա նայելու, ագրեսիվ երեխա է», - ասաց Մնոյանը:

Ամուսինս բանտում անհիմն է հայտնվել, պնդում է կինն ու պահանջում օր առաջ ազատ արձակել նրան. «Ես ուզում եմ, որ արդարություն լինի, գիտեմ, որ օրենք, խիղճ կա, առանց հիմնավորման ամուսնուս չձերբակալեն, թող բաց թողնեն, որովհետև ապացույց չունեն, մենակ խոսելով չէ»:

Պետությանը մի հարց ունի Լուիզա Մնոյանը. «Ղեկավարներն ասում էին՝ մենք գոհ ենք այն մարդկանցից, որոնք իրենց հաշմանդամ երեխաներին ընտանիքի մեջ են պահում, այսպե՞ս եք գոհ, հորը ձերբակալելով գո՞հ եք»:

Ռաֆիկ Հակոբյանի փաստաբան Արտուշ Հակոբյանի խոսքով՝ իր պաշտպանյալը ձերբակալվել, ապա կալանավորվել է մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա: Հրապարակելով Հակոբյանի դստեր՝ ծանր հաշմանդամության մասին վկայող բժշկական փաստաթղթերը փաստաբանը հայտնել է, որ դատարանը հաշվի չի առել այդ հանգամանքներն ու Հակոբյանին թողել կալանքի տակ. «Քանի որ տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունի, և միակ մարդը հայրն էր, այսինքն՝ կալանավորված անձը, ով կարող էր իրականացնել այդ հաշմանդամ անձի խնամքը։ Սակայն դատարանը ընդհանրապես այդ հանգամանքներին որևէ անդրադարձ չի կատարել»:

Գյումրիի գործով 43 մեղադրյալ կա, 2 տասնյակից ավելին շարունակում են մնալ կալանքի տակ: Զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG