Մատչելիության հղումներ

Հարցումները կանխատեսում են ֆրանսիացի ազգայնականների հաղթանակը


Հունիսի 30-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններում ամենայն հավանականությամբ կհաղթեն ֆրանսիացի ազգայնականները։ Սա են վկայում նախագահ Էմանյուել Մակրոնի կողմից Ազգային ժողովը ցրելու մասին որոշումից հետո անցկացված առաջին սոցիոլոգիական հետազոտությունները։

Haris Interactive սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման համաձայն՝ հաջորդ գումարման խորհրդարանում ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» 235-ից 265 մանդատ կունենա՝ քառապատիկ ավելին քան այսօր։ Էմանույել Մակրոնի կողմնակիցները ներկայիս 250 մանդատի փոխարեն հաջորդ գումարման Ազգային ժողովում առավելագույնը 155 տեղ են ունենալու, իսկ ձախերը 120-ից 145։

Այսպիսով Մարին Լե Պենի հիմնադրած «Ազգային միավորումը» կարող է ամենամեծ խմբակցությունը ձևավորել, սակայն կառավարություն կազմելու համար ազգայնականներին հարկավոր է լինելու դաշինք կազմել որևէ այլ ուժի հետ։

Ապագա ամենահավանական կոալիցիոն գործընկերները կլինեն աջ կենտրոնամետ հանրապետականները, որոնց առանջնորդ Էրիկ Սյոտին երեկ հայտարարեց, որ երկու ուժերի միջև բանակցություններ արդեն իսկ մեկնարկել են։

«Այսօր մենք՝ հանրապետականներս, չափազանց թույլ ենք երկու ամենավտանգավոր դաշինքներին՝ նախագահական մեծամասնությանն ու ձախերին ընդդիմանալու համար։ Այդ իսկ պատճառով մենք, հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, այնուհանդերձ պետք է դաշինք կազմենք ազգայնականների հետ, որոնք շուտով կարող են Ազգային ժողովում մեծամասնություն կազմել», - հայտարարում էր Շարլ Դե Գոլի և Ժակ Շիրակի քաղաքական հետնորդներին միավորող ուժի առաջնորդը՝ պնդելով, թե աջակողմյան տրամադրությունները Ֆրանսիայում դեռ երբեք այսքան տարածված չեն եղել։

Սյոտիի այս հայտարարությունից հաշված րոպեներ անց տասնյակ մարդիկ հավաքվեցին կուսակցության գրասենյակի մոտ՝ բողոքելով հանրապետականների ղեկավարի այս հայտարարության դեմ։

Չնայած հանրային որոշ շրջանակների այս բուռն արձագանքին աջ կենտրոնամետների շարքերում Սյոտիի հայտարարությունը բնական են համարում։

«Ազգային միավորումը [Եվրախորհրդարանի ընտրություններում] պատմական արդյունք արձանագրեց։ Ֆրանսիացիները դեմ են արտահայտվել մակրոնիզմին ուստի մենք պետք է լսենք մեր հայրենակիցներին։ Վստահ եմ՝ [«Ազգային միավորման»] հետ դաշինքն անհրաժեշտություն է», - հայտարարում է Հանրապետականների փոխնախագահ Գիյոմ Կարայոնը։

Այն, որ նախագահ Մակրոնի կուսակցության պարտությունն առաջիկա ընտրություններում անխուսափելի է, վստահ է նաև ֆրանսիական ամենահեղինակավոր պարբերականներից մեկի՝ Le Figaro-ի գլխավոր խմբագիր Ալեքսիս Բրեզեն։

«Այսօր հաշվի առնելով ստեղծված կացությունն ու այն ծանր հարվածը, որ կրել են նախագահ Մակրոնի կողմնակիցները, նրանց հետ որևէ մեկը դաշինք կազմել չի ցանկանում։ Ավելի պարզ եթե ասենք՝ որևէ մեկը ցանկություն չունի «Տիտանիկի» ուղևոր դառնալ», - նշում է Le Figaro-ի խմբագիրը:

Մակրոնը հակադարձում է՝ ծայրահեղ աջերի հաղթանակը կարելի է կանխել

Նախագահ Էմանյուել Մակրոնը, սակայն, հակադարձում է՝ ծայրահեղ աջերի հաղթանակը կարելի է կանխել, եթե բոլոր, իր բնորոշմամբ, դեմոկրատական ուժերը դաշինք կազմեն ընդդեմ ազգայնականների։

«Ես վստահ եմ, որ սոցիալ-դեմոկրատները, արմատականները, կանաչները, քրիստոնյա- դեմոկրատներն ու գոլիստները, քաղաքական այն առաջնորդները, որոնք չեն տրվել ծայրահեղական տենդին, կարող են նոր մի նախագիծ հեղինակել՝ հանուն Ֆրանսիայի քաղաքացիների և հանուն Հանրապետության», - այսօր Փարիզում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Ֆրանսիայի նախագահն այսօր կրկին հերքեց այն տեղեկությունները, թե ինքը խորհրդարանական ընտրություններում ազգայնականների հաղթանակի դեպքում հրաժարական կներկայացնի։

«Նախագահական վերջին ընտրությունները կայացել են 2022-ին և դրանց արդյունքները վավեր են մինչև 2027 թվականը։ Այնպես, որ պնդումները, թե ես կարող եմ հրաժարական ներկայացնել մինչև իմ լիազորությունների ավարտը, աբսուրդային է», - հայտարարում էր Մակրոնը։

Իսկ ֆրանսիական մամուլն ու քաղաքական դաշտն այս օրերին մեկ այլ հարց են սկսել քննարկել՝ ազգայնականների հաղթանակի դեպքում ո՞վ է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։ Ամենահավանական թեկնածուն կուսակցության 28-ամյա առաջնորդ Ժորդան Բարդելան է։ Մարին Լե Պենի այս երիտասարդ աջակցի գլխավորությամբ էր, որ «Ազգային միավորումը» կարողացավ համոզիչ հաղթանակ տանել Եվրախորհրդարանի ընտրություններում։

«Մենք արդեն մի քանի ամիս է ինչ պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ինչո՞ւ։ Որովհետև ամեն մի նոր օրը մեզ ավելի է մոտեցնում իշխանությանը, մենք պատրաստ ենք ստանձնել կառավարման ղեկը», - հայտարարում է ազգայնականների առաջնորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG