Մատչելիության հղումներ

Հարևան շենքերի բնակիչները պահանջում են դադարեցնել շինարարությունը Ազատության 14/3-ի տարածքում


Մեծ թվով ոստիկաններ, բերման ենթարկվածներ ու վաղ առավոտից չդադարող շինարարություն՝ բողոքի ցույցին զուգահեռ։ Երևանի Ազատության 14/3 հասցեի կաթսայատան տարածքում շինարարություն է սկսվել, որին կտրականապես դեմ են հարևանությամբ գտնվող երկու բարձրահարկերի բնակիչները:

«Անցած շաբաթ մեկ էլ տեսանք՝ ոստիկաններ, մի հատ կազմ, հարյուր քանի հոգի, կարմի բերետավորներ, եկան մտան, ասեցինք էս ինչ-որ հանցագործ են բռնել: Պարզվում ա՝ էս արդեն նոր սեփականատերը իրա վախը բռնված՝ ուղարկել ա, որ իրա գործերը անի: Ասենք՝ իմանա՝ գլխին ինչ օյին ա գալու», - «Ազատության» հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Նրանք այսօր բողոքի ակցիա էին սկսել՝ պահանջելով դադարեցնել անմիջապես իրենց բակում՝ պատուհաններից մի քանի մետր հեռավորությամբ սկսված կառուցապատումը։ Մետրով հաշվեցին. կառուցվող եռահարկն ընդամենը 7մ 40սմ հեռավարության վրա է առաջին հարկի բնակարաններից մեկից։ Մինչդեռ իրենց ձեռքի տակ հայտնված նախագծում 9մ է նշված, ասում են։

«12/2 շենքն է և կաթսայատան տարածքն է, նշված է և գրված է 9մ՝ այն դեպքում, երբ 7.40մ է: Մենք Arlis-ով նայեցինք նորմաները՝ հակահրդեհայինը պահանջում է 3-րդ կարգի շինությունից պահպանել առնվազն 8մ հեռավորություն, այսինքն՝ դա արդեն նորմայի կոպիտ խախտում է», - ասաց մի բնակիչ:

«Այստեղ ԱԻՆ-ի ավտոն չի կարա գա մտնի: Հիմա, օրինակ, Աստված չանի, էստեղ մի հրդեհ եղավ՝ 12/3 շենքում, ո՞նց ա գալու մտնի ԱԻՆ-ի մեքենան, խնդրում եմ ինձ ասեք, եթե պատուհանը էն մի կողմից ա», - ընդգծեց մյուսը:

Արևի լույսից են զրկվում, մտավախություն ունեն նաև, որ շինարարության հետևանքով մի քանի տասնամյակ առաջ կառուցված շենքերի հիմքերը կխարխլվեն.

«Եթե էստեղ կլինիկա են սարքում, մի 4մ իջնեն, նույնիսկ 5մ, էս էրկու շենքերը սեյսմիկ շենքեր են, 5մ հեռավորության վրա պետք է ծակեն տակը: Այսինքն՝ շենքերի սեյսմակայունությունը կրկնակի պակասում ա»:

«Պահանջում եմ, դիմում եմ պարոն Ավինյանին. պարոն Ավինյան, Ձեր կարգախոսը՝ մենք ասենք, դուք անեք, հիմա մենք ասում ենք՝ 150 բնակարանի բնակիչներով, բազմապատկեք 2-ով, 3-ով, տեսեք ինչքան ժողովուրդ ա անում, ասում ենք, որ Ձեր ղեկավարած կազմակերպությանը, քաղաքապետարանին ենթակա կառույցներին հանձնարարեք, որպեսզի էս պրոյեկտը մասնագիտորեն ուսումնասիրեն»:

Տեղում շինարարության թույլտվությունը 2020-ին է տրվել, բնակիչներն ասում են՝ չորս տարի առաջ նախկին սեփականատերը ցանկացել է բժշկական կենտրոն կառուցել, հիմա՝ պարզ չէ, թե ինչ է կառուցվելու։ Լսել են՝ չգործող կաթսայատան նոր սեփականատերը բարձրաստիճան պաշտոնյայի հարազատ է։

«Ազատություն»-ը պարզեց՝ կառուցապատողը Զավեն Օվսյանն է, ով Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արտյոմ Օվսյանի եղբայրն է։ Վերջինս ավելի վաղ էլ զբաղեցրել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ պաշտոնը. հենց այդ ընթացքում Զավեն Օվսյանը նաև Մոնթե Մելքոնյան փողոցում է տարածք գնել։ Ըստ «Հետք»-ի՝ նա այդ հասցեում նախատեսել էր 18 հարկանի բարձրահարկ կառուցել, սակայն ավելի ուշ հողակտորը վաճառել է։

Զավեն Օվսյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանն ասում է՝ իր վստահորդը 2024-ին է տարածքը գնել՝ իմանալով, որ այն շինթույլտվություն ունի։ Թե ինչ է կառուցելու այդ հասցեում Օվսյանը, փաստաբանն ասում է՝ տեղյակ չէ. հասարակական նշանակության կառույց է լինելու։

«Պետության կողմից տրված շինթույլտվությամբ հաստատվում է, որ այնտեղ կարելի է իրականացնել կոնկրետ շինարարություն՝ մասնավորապես այն նախագծով, որը որ այն ժամանակ հաստատվել է: Այդ նախագիծը փոփոխության չի ենթարկվել, շինթույլտվությունը երբևէ կասեցված չի եղել», - «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց փաստաբանը:

Արամազդ Կիվիրյանը հերքում է բնակիչների մեղադրանքները, պնդում՝ ամեն ինչ օրինական է. կառուցապատողն իրացնում է իր իրավունքները։ Ըստ փաստաբանի՝ Օվսյանը չի պատրաստվում դադարեցնել շինարարությունը։

«Եթե որևէ նորմի հակասություն լիներ իրապես, շինթույլտվությունը ուղղակիորեն չէր տրամադրվի, որովհետև ինքը բավականին մեծ քննարկում է անցնում՝ փորձաքննություններ և այլն տարաբնույթ շինարարական բնույթի, որից հետո նոր տրվում է շինթույլտվություն: Ես հասկանում եմ, որ տվյալ դեպքում բնակիչների համար իրականացվող շինարարությունը անհարմարություններ կարող է պատճառել, բայց դա լինելու է միայն սկզբնական շրջանում, երբ որ կահավորվելու է այդ շինհրապարակը, իսկ շինությունը ինքը դուրս չի գալու փաստացի այն շինության չափից, որը ներկայումս կա», - ասաց Կիվիրյանը:

Մինչ այդ, բնակիչներն արդեն պատրաստվում են հարցը դատարան տեղափոխել։ Դիմում-բողոքներ են ուղարկել քաղաքապետարան, դատախազություն ու վարչապետի աշխատակազմ. դեռ հույս ունեն՝ խնդիրը հօգուտ իրենց կլուծվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG