Հարավային Կովկասում խնդիրները, հարցերը, Մոսկվայի համոզմամբ, պետք է լուծվեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրների ու մերձակա հարևանների կողմից: Այս մասին Երևանում հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Որևէ առումով դեմ չենք, որ արտատարածաշրջանային երկրները իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ գտնվող երկրների հետ, այն ընկալմամբ, որ նման համագործակցությունը ուղղված չի լինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը, աշխարհաքաղաքական խաղերի համար այստեղ գտնվող երկրների շահերը անտեսելուն»,- ասաց Լավրովը իր հայաստանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսեց նաև տարածաշրջանային «3+3» ձևաչափի մասին՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը հյուրընկալել ցանկացողները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կարող են իրար հետ պայմանավորվել:
«Կողմ ենք, որ հաջորդ երկու հանդիպումները տեղի ունենան Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում», - հավելեց Լավրովը։
Նա նաև նշեց, որ ՌԴ-ն հետաքրքված է ՀՀ-ի ակտիվ ներգրավվածությամբ ՀԱՊԿ-ին:
Հայ-ռուսական հարաբերությունները մի քանի տարի է՝ լարված են: Դրանք վատթարացան, երբ ՀԱՊԿ-ը, որի առանցքային անդամներից է Ռուսաստանը, հրաժարվեց գնահատական տալ Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին: Բայց վերջին շրջանում կողմերի հռետորաբանությունը փոխվել է: