Հարավային Կորեայի խորհրդարանական հիմնական ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը և հինգ փոքր ընդդիմադիր կուսակցությունները դարձյալ նախագահին Յուն Սուկ Յոլին իմպիչմենթի ենթարկելու գործընթաց են սկսել՝ նոր համատեղ նախագիծ ներկայացնելով։
Ռազմական դրություն հայտարարելու պատճառով նախագահի իմպիչմենթի նախագիծը Հարավային Կորեայի խորհրդարանը պետք է քննարկի ուրբաթ օրը, իսկ շաբաթ օրը սպասվում է քվեարկությունը։
Այսօր կեսօրին խորհրդարանն ընդունել է ոստիկանապետ Չո Ջի Հոյին և արդարադատության նախարար Պակ Սուն Ջեին իմպիչմենթի ենթարկելու միջնորդությունները՝ դադարեցնելով նրանց պարտականությունները՝ ռազմական դրության կիրառման պատճառով:
Դեկտեմբերի 3-ին Յունի կարճատև ռազմական դրության հռչակումը քաղաքական քաոսի և մեծ բողոքի ցույցեր է առաջացրել՝ նրա հրաժարականի պահանջով։
Հրամանագրով հարյուրավոր զինվորներ փորձեցին շրջափակել խորհրդարանը և ներխուժել ընտրական հանձնաժողով։ Ռազմական դրությունը տևեց ընդամենը վեց ժամ, քանի որ Յունը ստիպված եղավ չեղարկել որոշումը, երբ Ազգային ժողովը միաձայն դեմ քվեարկեց:
Դեմոկրատական կուսակցությունը պնդում է, որ Յունի հրամանագիրը՝ հեղաշրջման փորձ էր:
Այսօր ավելի վաղ Յունը պաշտպանել էր իր հրամանագիրը՝ հերքելով հեղաշրջման մեղադրանքները: Նա խոստացել է «պայքարել մինչև վերջ»՝ իրեն իմպիչմենթի ենթարկելու փորձերի դեմ։