Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ում համարում են, որ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ելնելով ՀԱՊԿ-ում համարում են, որ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ․ այս մասին կառույցի քարտուղարությունից հայտնել են TASS ռուսաստանյան գործակալությանը։

«Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի համապատասխան մեկնաբանությանը. «Փաշինյանը չի ասել, որ դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, նա ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք»։ Հետևաբար մենք ելնում ենք նրանից, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության նկատելի նվազմանը, այն շարունակում է մնալ Կազմակերպության լիիրավ անդամ», - ասված է հայտարարության մեջ։

Փաշինյանը նախօրեին խորհրդարանում, արձագանքելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ ընդդիմադիրների հարցերին, հայտարարել էր. - «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում... մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք»։

Ավելի վաղ վարչապետն ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է «մեր դեմ պատերազմի նախապատրաստության»։ Նրա այդ հայտարարությունը հնչել էր Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:

  • Հայ-ռուսական հարաբերությունները սկսեցին լարվել առավելապես վերջին երկու տարիներին, երբ Հայաստանը սեպտեմբերյան դեպքերից հետո դիմեց Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ու այդպես էլ չստացավ ակնկալվող օգնությունը։ Չնայած Երևանի հետևողական պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքներ է օկուպացրել։
  • Այս տարի արդեն վարչապետ Փաշինյանը հայտարարեց դաշինքին անդամակցությունը դե ֆակտո սառեցնելու մասին։
  • Մայիսի սկզբին պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG