Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների նիստում խոսել են Եվրասիական անվտանգային քննարկումներից


ՀԱՊԿ-ի հերթական նիստը ևս անցկացվեց առանց Հայաստանի մասնակցության։ Ալմաթիում հանդիպեցին Մոսկվայի գլխավորած այդ ռազմաքաղաքական կառուցի 6 անդամներից 5-ի ԱԳ նախարարները։

Հայաստանը նախապես հայտնել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը այդ հանդիպմանը՝ ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին չի մասնակցելու։

Նիստից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում ասել է, թե հանդիպմանը ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռանալու հարց չի քննարկվել։

«Ոչ, Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան ծանուցում չի ստացվել», - ասել է Լավրովը։

Հաջորդ հարցին, թե ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռանալու դեպքում դա ինչ հետևանքներ կունենա, արդյոք ազդեցություն կթողնի կառուցի պաշտպանունակության վրա, Լավրովը պատասխանել է, թե դիվանագիտության ավանդույթում գուշակություններ ու «եթե»-ներ չկան։

«Այո, այսօր Հայաստանի նախարարը ներկա չէր նիստին, բայց Հայաստանից որևէ փաստաթուղթ, որևէ պաշտոնական քայլ, ինչը անհրաժեշտ կդարձներ քննարկումները այն բանի հետևանքները, ինչը տեղի չի ունեցել՝ չի ստացվել», - ասել է նա։

Հայաստանը ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, վերջերս հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։

Ալմաթիում Լավրովի միայնակ ասուլիսի մասին Ռուսաստանի արտգործնախարարության կայքում տեղադրված 30 րոպեանոց տեսանյութում նրա ներածական երկար խոսքն է, որտեղ նա այսօրվա հանդիպումից բացի խոսում է Ուկրաինայի, միջազգային մյուս խնդիրների մասին, ըստ էության, կրկնելով Մոսկվայի մինչ այսօր հայտի թեզերը, որից հետո լրագրողները ընդամենը երեք հարց են տալիս, երեքն էլ Հայաստանի վերաբերյալ։

Լավրովը իր ներածական խոսքում ասել է, թե այսօրվա հանդիպման քննարկումներում հատուկ ուշադրություն է դարձվել Եվրասիական անվտանգության ճարտարապետության ձևավորմանը։

Նրան հարցրել են, թե արդյոք հանդիպման բոլոր մասնակիցները համերաշխ են Մոսկվայի հետ Եվրասիական միասնական անվտանգային համակարգ ստեղծելու հարցում, և արդյոք Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը ապագայում կմասնակցի այդ համակարգի ձևավորման քննարկումներին։

Ռուսաստանի արտգործնախարարը պարզաբանել է, որ խոսել են ոչ թե անվտանգային համակարգ ստեղծելու, այլ քննարկումներ սկսելու անհրաժեշտության մասին, թե ինչպես ավելի արդյունավետ, իրավահավասարության և արդարության հիմքով ապահովել Եվրասիական աշխարհամասի բոլոր պետությունների անվտանգությունը։

Լավրովի փոխանցմամբ՝ բոլորը հանդես են եկել այդ թեմայով լուրջ երկխոսության օգտին, հաշվի առնելով Եվրասիայում արդեն իսկ ձևավորված իրողությունները՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, Հարավասիական երկրների ընկերակցությունը, նույնիսկ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության կազմակերպությունը։ Նրա խոսքերով՝ այդ բոլոր կառույցների միջև շփումներ կան սկսելու ավելի խոր և նպատակաուղղված խոսակցություն՝ միմյանց անվտանգությունն ապահովելու ուղիների շուրջ, որը ըստ Լավրովի՝ շատ պոզիտիվ գործընթաց կլինի։

«Դա, եթե ցանկանում եք, կլինի ռազմա-քաղաքական հավելում մեծ Եվրասիական գործընկերության ձևավորման համար», - ասել է Լավրովը՝ հիշեցնելով, որ դեռ մի քանի տարի առաջ Ռուսաստանի նախագահը մեծ եվրասիական գործընկերությունը ցանկալի նպատակ էր համարել ամբողջ աշխարհամասի զարգացման համար։

«Հիմա ասել, թե ով կմտնի, ով դուրս կգա․․․կարող եմ միայն հաստատել՝ մտահղացումն այն է, որ քննարկումներին մասնակցելու իրավունք պետք է ունենան առանց բացառության Եվրասիական բոլոր երկրները, առանց դրսի միջամտության», - նշել է նա։

Գալիք հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Եվրասիայի անվտանգության թեմայով Մինսկում համաժողով է անցկացվելու և այսօրվա նիստում Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը ՀԱՊԿ-ի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցել այդ համաժողովին։

XS
SM
MD
LG