Բաքվում ադրբեջանական կառավարության կողմից ֆինանսավորվող վերլուծաբանների մասնակցությամբ համաժողով է ընթանում, որի մասնակիցները քննարկում են Ֆրանսիայի դերը հայ-ադրբեջանական հակամարտությունում։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ համաժողովը կազմակերպել է Ալիևի կառավարության կողմից ֆինանսավորվող Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը։
Կառույցի ղեկավար Ֆարիդ Շաֆիևն իր ելույթում մասնավորապես խոսել է Ադրբեջանի իշխանությունների դժգոհությունների մասին՝ «հոգուտ Հայաստանի Փարիզի պատմական կողմնակալության» վերաբերյալ։
Շաֆիևը պնդել է, որ ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման գործում էլ «կարևոր դեր ունի հայկական գործոնը»։
Բաքուն քննադատում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։