Մատչելիության հղումներ

Մարզերում տնտեսական ակտիվությունը մնում է ցածր՝ չնայած սուբվենցիոն ծրագրերի ավելացմանը. Մակարյան


Անցած տարի համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամի ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, կեսից ավելին՝ գրեթե 32 մլրդ դրամը, պետությունն է հատկացրել, ինչը 2023-ի համեմատ ավելի է մոտ մեկ միլիարդով։

Իշխանությունները սուբսիդավորումը հանրապետության բոլոր բնակավայրերի համաչափ և կայուն զարգացման գործիք են համարում, մինչդեռ տնտեսագետ Գագիկ Մակարյանը կարծում է՝ համայնքների համաչափ զարգացումը համալիր պետք է դիտարկել, և սուբվենցիան բավարար գործիք չէ։

«Առաջինը, որ այնտեղ չկան բավարար քանակով արտադրություններ և ծառայությունների կենտրոններ, որտեղ մարդիկ կարող են աշխատել: Երկրորդը՝ չկան զվարճանքի և բարեկեցության պայմաններ, որոնք առաջացնում է միգրացիա, քանի որ իրենք աշխատանք գտնել չեն կարող, կամ իրենց կյանքը միապաղաղ է, ապրելու պայմանները կենցաղային տեսանկյունից ոչ այնքան մաքուր են», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն էլ օրերս նկատել էր՝ համայնքների սեփական եկամուտների աճ է արձանագրվել. 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 2.2 միլիարդով: Սակայն, ո՛չ սուբվենցիաների աճը, ո՛չ համայնքի եկամուտների աճը չեն փոխում մարզերում բնակչության տնտեսական ակտիվության պատկերը:

«Հայաստանի 6 մարզերի տնտեսական պոտենցիալն այնքան փոքր է, որ իրենք չեն մասնակցում ՀՆԱ-ի ձևավորմանն ամբողջ ՀՀ-ի մասշտաբով: Օրինակի համար Երևանին ու 4 մարզերին բաժին է ընկնում ՀՆԱ-ի մոտավորապես 67 տոկոսը, ապա մնացած մարզերը համարյա չեն մասնակցում ՀՆԱ-ի ձևավորմանը», - ասաց Գագիկ Մակարյանը։

ՀՆԱ-ի մեջ գրեթե մասնակցություն չունեցող մարզերն են Գեղարքունիքը, Վայոց ձորը, Շիրակը, Լոռին, Արագածոտնը: Տնտեսագետը նկատեց՝ Կոտայքը, Արմավիրն ու Արարատը մոտ են մայրաքաղաքին, իսկ Սյունիքում հանքարդյունաբերությունն է ՀՆԱ-ում իր տեղն ունենում:

Սուբվենցիոն ծրագրերը հիմնականում, ըստ Մակարյանի, ուղղվում են ենթակառուցվածքների՝ ջրագծերի և ճանապարհների կառուցմանը: Մակարյանն ընդունում է՝ լավ ճանապարհը դրական ազդակ է բիզնեսի համար, սակայն համայնքի կյանքը միայն դրանով չի զարգանա. - «Վերլուծություններ կան, ապացուցուցում են, որ ՀՀ-ի ամբողջ աշխատավարձի ֆոնդի 80 տոկոսը բաժին է ընկնում միայն Երևանին, 20 տոկոս է բաժին ընկնում 10 մարզերին»։

Իշխանությունն այլ կարծիքի է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամռանը Տավուշ կատարած այցի ընթացքում՝ Իծաքարում, հայտարարեց՝ ճանապարհ են կառուցում, որից օգտվելով գյուղացին պիտի աշխատանք ստեղծի:

Գնահատել համայնքի ռեսուրսը, կարիքները, ստեղծել ժամանցի կենտրոններ, փոքրիկ արտադրություններ, համայնքների համաչափ զարգացման համար առանձնացրեց Մակարյանը՝ ընդգծելով, որ մի շարք համայնքներ սուբվենցիոն ծրագիր ներկայացնել չեն կարողանում՝ այդքան բյուջե չունեն, քանի որ պետությունը ծրագերի առավելագույնը 80 տոկոսն է տրամադրում, կան համայնքներ, որ այդ 20 տոկոսի համար նույնիսկ բյուջե չունեն:

Համայնքների համաչափ զարգացման համար մյուս լավ, բայց չկիրառվող գործիքը Գագիկ Մակարյանը համայնք, բանկեր ու բիզնես գործակցությունն է համարում: Նա հիշեցրեց՝ գյուղերում գույքն էժան է, բանկերը գրավադրում չեն ընդունում, համայնքը կարող է իր գույքով երաշխիք տրամադրել տեղի բիզնեսի համար:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG