Մատչելիության հղումներ

«Համաս»-ը կարող է մերժել Թրամփի ծրագիրը


Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անսարին ասուլիսի ժամանակ, արխիվ
Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անսարին ասուլիսի ժամանակ, արխիվ

Պաղեստինյան «Համաս» խմբավորումն ամենայն հավանականությամբ կմերժի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում իրադրության կարգավորման ծրագիրը։ Անանուն մնալու պայմանով BBC-ին այս մասին հաղորդել է կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ պնդելով, որ շրջանառության մեջ դրված պլանը «բխում է Իսրայելի շահերից և անտեսում է պաղեստինցիներին»։

Սա, սակայն, դեռ չի ձևակերպվել որպես «Համաս»-ի պաշտոնական դիրքորոշում, քանի որ իսլամական երեք ազդեցիկ պետությունները՝ Քաթարը, Եգիպտոսը և Թուրքիան այժմ փորձում են համոզել խմբավորման ղեկավարներին, որ «ավելի լավ առաջարկ հաստատ չի լինելու, և ներկայացված նախագծի մերժումը անխոհեմ քայլ կլինի»։

«Համաս»-ի հետ բանակցությունները մեկնարկեցին երեկ երեկոյան Քաթարի մայրաքաղաքում։ Այդպիսով Դոհան վերադարձավ միջնորդի իր դերակատարությանը, որից հրաժարվել էր սեպտեմբերի 9-ի իսրայելական հարվածներից հետո։ Դոհայի դիրքորոշման փոփոխությունը հնարավոր դարձավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Քաթարի էմիրին կատարած զանգերից հետո։ Ըստ արաբական աղբյուրների՝ Սպիտակ տան ղեկավարը հանդես էր եկել հստակ երաշխիքներով, իսկ Իսրայելի վարչապետը Քաթարի միապետից ներողություն էր խնդրել սեպտեմբերի 9-ի հարձակման համար։

«Ինչ վերաբերում է ներողությանը, ապա ես կարծում եմ, որ մեր կառավարության համար կարևորագույն խնդիրը Քաթարի ինքնիշխանության պաշտպանությունն է։ Իսրայելի վարչապետի երաշխիքները շատ հստակ էին և հիմնված էին Միացյալ Նահանգների նախագահի այն հավաստիացման վրա, որ մեր երկիրն այլևս երբեք հարձակման չի ենթարկվի», - հայտարարում էր Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անսարին։

Երեկ կայացած ասուլիսի ժամանակ, այդուհանդերձ, ալ-Անսարին չհստակեցրեց, թե որքան են տևելու իսլամական երեք պետությունների և «Համաս»-ի ղեկավարների՝ Դոհայում ընթացող բանակցությունները։ Դոնալդ Թրամփը, սակայն, նշել էր,որ կարգավորման ամերիկյան ծրագիրն ընդունելու համար «Համաս»-ը առավելագույնը երեքից չորս օր ունի։

Գազայում իրադրության կարգավորման 20-կետանոց ամերիկյան ծրագրի համաձայն նախատեսվում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ազատել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին գերեվարված և այս պահի դրությամբ ողջ մնացած իսրայելցի պատանդներին։ Սրան հաջորդելու են Իսրայելի զորքերի փուլային դուրսբերումը Գազայից և «Համաս»-ի զինաթափումը։ Ամերիկյան կարգավորման պլանի առանցքային կետերն են Գազայում տեխնոկրատների կառավարության ստեղծումը և հատուկ միջազգային խաղաղության խորհրդի ձևավորումը, որի ֆորմալ ղեկավար պետք է հռչակվի Միացյալ Նահանգների նախագահը։ Դիվանագիտական շրջանակներում պտտվող համառ լուրերի համաձայն՝ այդ կառույցի դե ֆակտո ղեկավարը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։

Եվ մինչ Պաղեստինի ինքնավարության իշխանությունները ողջունում են Թրամփի ծրագիրը, դրա բնակիչները տրամագծորեն հակառակ կարծիքն ունեն։ Հորդանան գետի Արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների կարծիքով՝ կարգավորման ամերիկյան պլանն իր բնույթով գաղութատիրական է։

«Պաղեստինցի ժողովուրդը այս նոր մանդատը չի ընդունի։ Մենք չենք հրաժարվի մեր իրավունքներից, մենք մերժում ենք այս պլանը», - Reuters-ի հետ զրույցում նշում էր Հեբրոնի բնակիչ Իսսա Ամրոն։

«Այս նախագիծը կազմալուծում է բազմաթիվ երկրների կողմից ճանաչված Պաղեստին պետությունը։ Այս ծրագրով չեղարկվում են Պաղեստինի ազատագրության բոլոր սկզբունքները։ Սա նոր գաղութատիրություն է», - համոզված է ևս մեկ պաղեստինցի՝ Իբրահիմ Արաֆաթը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG