Մատչելիության հղումներ

«Համաս»-ը ևս 3 պատանդի մարմին է հանձնել Իսրայելին, Թրամփը սպառնում է ուժով զինաթափել «Համաս»-ին


Պաղեստինյան «Համաս» շարժումն Իսրայելին է փոխանցել ևս չորս մարմին, սակայն Իսրայելը հայտարարել է՝ դրանցից միայն երեքն են պատանդների: Մինչ այդ Իսրայելը դժգոհել էր, որ մարմինների փոխանցումը դանդաղ է ընթանում՝ սպառնալով կրճատել Գազա մտնող մարդասիրական օգնությունը մինչև բոլոր 28 պատանդների մարմինները չվերադարձվեն:

ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի առաջին փուլի համաձայն՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ն իսրայելական կողմին է փոխանցել արդեն յոթ պատանդի մարմին: Շարժումը, սակայն, պետք է վերադարձնի ևս 20-ը, սակայն «Համաս»-ը պնդում է, որ դժվարություններ ունի մարմինները գտնելու հարցում: Գազայում «Համաս»-ի խոսնակ Հազեմ Քասեմը սոցցանցում տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկում դիերը վերադարձնելու համար:

«Այս պահին մեր մարդիկ շարունակում են հետևել դիերի փոխանցման վերաբերյալ համաձայնագրի իրականացմանը՝ որպես Գազայում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի մաս», - ասել է Քասեմը:

Գազայում ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի խոսնակի փոխանցմամբ՝ Իսրայելի կառավարությունն իրենց տեղեկացրել է, որ կթույլատրի նախապես համաձայնեցված օգնության միայն կեսի մուտքը Գազա. «Մենք Իսրայելի իշխանություններից ստացել ենք նման հաղորդագրություն: Իհարկե, շարունակում ենք կողմերին խրախուսել, որ պահպանեն հրադադարի շրջանակում ամրագրված պայմանավորվածությունները։ Անշուշտ, հույս ունենք, որ պատանդների մարմինները կհանձնվեն, և հրադադարը կշարունակի պահպանվել»:

Պատանդների մարմինների փոխանցումից հետո, սակայն, Իսրայելի հանրային հեռարձակողն այսօր հայտնել է, որ Թել Ավիվը կթույլատրի բացել Եգիպտոսի հետ սահմանի անցակետը և կավելացնի Գազա մտնող մարդասիրական օգնության ծավալը։ Նաև հնարավոր է, որ Իսրայելը պատերազմի ժամանակ Գազան լքած պատանդներին առաջին անգամ թույլ տա Ռաֆահի անցակետով վերադառնալ անկլավ, իսկ այնտեղ գտնվողներին՝ հատել անցակետը։

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ մոտ 600 բեռնատարի թույլ կտրվի հիմնականում սնունդ և բժշկական պարագաներ տեղափոխել Գազա, որի մոտ 80 տոկոսն ավերվել է պատերազմի հետևանքով:

Պաղեստինի ինքնավարության նախագահի հատուկ բանագնացը հայտարարել է, որ Պաղեստինը պատրաստ է բացել Ռաֆահի անցակետը։ Մուհամմադ Շտայեհը հույս է հայտնել, որ միջազգային դոնորները առատաձեռն կլինեն պաղեստինցիներին օգնելու հարցում. «Հիմա մենք պատրաստ ենք կրկին համագործակցել և բոլոր կողմերին տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք բացել Ռաֆահի անցակետը»։

«Մեր վիճակը ողբերգական է». Գազայի բնակիչ

Գազա
Գազա

Գազա քաղաքում երեկվանից մաքրման և վերականգնողական աշխատանքներ են ընթանում, սակայն այստեղ ապրելու համար պայմաններ չկան, ու մարդիկ չգիտեն ինչ անել:

«Այստեղ ոչինչ չկա՝ ոչ սնունդ, ոչ ջուր, ոչ կացարան, ոչ մի բան, իսկ առջևում ձմեռ է: Տունս ավերվել է, երդվում եմ՝ ոչինչ չունեմ: Որտե՞ղ ենք ապրելու, ո՞ւր ենք գնալու, ի՞նչ ենք անելու։ Մեր ընտանիքը 36 անդամից է բաղկացած՝ ես, թոռներս, երեխաներս։ Չգիտենք, թե ուր ենք գնալու», - ասել է բնակիչներից մեկը:

«Մեր վիճակը ողբերգական է։ Մենք վերադարձանք մեր թաղամաս և տեսանք, որ այնտեղ ընդհանրապես տներ չկան, ապաստան չկա, ոչինչ չկա: Պարզապես ուզում ենք ձմռան համար մի քիչ պաշար ձեռք բերել։ Մեր հույսը միայն Աստված է», - հավելել է մյուսը:

Չնայած ԱՄՆ նախագահ Թրամփի խաղաղության ծրագրի հաջորդ փուլով նախատեսվում է «Համաս»-ի զինաթափում, շարժումն այս ընթացքում փորձում է վերականգնել հսկողությունը Գազայում՝ անվտանգության հարյուրավոր ուժեր տեղակայելով փողոցներում, նաև բախումներ է ունեցել տեղի կլանների հետ:

«Համասը»-ը դեռ 2007 թվականի քաղաքացիական կարճատև պատերազմի ժամանակ է իր վերահսկողության տակ առել Գազան, արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, երեկ մի քանի մարդու է հրապարակավ մահապատժի ենթարկել՝ նրանց մեղադրելով Իսրայելի հետ համագործակցության մեջ։ Գերմանիան «Համաս»-ի գործողություններն ահաբեկչություն է որակել:

ԱՄՆ նախագահը երեկ հայտարարել է՝ կա՛մ «Համաս»-ն ինքնուրույն կզինաթափվի, կա՛մ կստիպեն, այդ թվում՝ ուժի միջոցով:

«Մենք նրանց ասել ենք՝ ուզում ենք, որ զինաթափվեն, և նրանք կզինաթափվեն։ Եվ եթե նրանք չանեն դա, մենք կզինաթափենք նրանց: Եվ դա տեղի կունենա արագ և, գուցե, բռնի եղանակով», - հայտարարել է Թրամփը:

Իսրայելի վարչապետն էլ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփի ծրարգրով իրենք համաձայնել են, որ խաղաղություն հաստատվի: Ծրագրի հաջորդ փուլում «Համաս»-ն անպայման պետք է զինաթափվի, շեշտել է Բենյամին Նեթանյահուն:

«Հետո պետք է լինի ապառազմականացում և զինաթափում։ Դրանք նույնը չեն: Նախ՝ «Համաս»-ը պետք է վայր դնի զենքերը: Եվ երկրորդ՝ պետք է համոզվենք, որ Գազայում զենքի գործարաններ չկան, մաքսանենգ ճանապարհով զենք չի մտնում Գազա», - ասել է նա։

Չնայած հրադադարին՝ այսօր Գազայի հատվածում երկու պաղեստինցի է սպանվել իսրայելական զինվորականների կրակից, որոնք պնդել են, թե կրակել են «սպառնալիքը կանխելու համար»։ Երեկ էլ սպանել էին վեց պաղեստինցու՝ պնդելով, որ վերջիններս փորձել էին մոտենալ իրենց:

2023-ին բռնկված պատերազմի հետևանքով Գազայում սպանվել է 67 հազար 900-ից ավելի պաղեստինցի, որոնցից մոտ 20 հազարը՝ երեխաներ, վիրավորվել է մոտ 170 հազարը: Իսրայելն ունեցել է 1200 զոհ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG