Քվեարկությունից երկու շաբաթ առաջ էլ Գագիկ Ծառուկյանը շարունակում է գաղտնի պահել ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուին:
Գործարարի քարոզչական կանգառն այսօր Էջմիածնում էր, որտեղ նա, պատասխանելով «Ազատության» հարցերին, ասաց՝ մոտ օրերս կբացահայտեն իրենց թեկնածուին. «Կգա ժամանակն, անպայման կասեմ»,- ասաց Ծառուկյանը:
Թե ինչու է ԲՀԿ-ն դեռ թաքուն պահում վարչապետի իր թեկնածուին, նախընտրական ցուցակի առաջին համար Ծառուկյանը չասաց, փոխարենը նորից անդրադարձավ երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործին: Թևանյանը երեկ երկու ամսով կալանավորվեց պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով: Նա մեղքը չի ընդունում, հետապնդումն էլ համարում է քաղաքական:
Նախքան նրա կալանավորումը, վարչապետ Փաշինյանը լրտեսության մեջ էր մեղադրել նաև ռուսական և բելառուսական քաղաքական ու գործարար շրջանակների հետ սերտ կապեր ունեցող Ծառուկյանին՝ դա կապելով նաև նրա՝ հետախուզման մեջ գտնվող որդու հետ:
«Գիտակցո՞ւմ է, թե՞ չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա, ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն Ճ կլասի լրտես է։ Հասկանո՞ւմ է, թե՞ չի հասկանում, թե՞ հասկանալու հետ պրոբլեմներ ունի, և դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը»,- հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:
Ի վերջո, կա՞ իր վրա ազդեցություն, Ծառուկյանն այսօր այս հարցին ուղիղ չպատասխանեց: Փոխարենը նորից մարտահրավեր նետեց Փաշինյանին.
«Եթե իմ գործընկերը, ասենք թե, դավաճան է, շպիոն է, ես՝ իմ ձեռքով գնդակահարեմ իրեն, որովհետև շպիոնին պիտի կտոր-կտոր անես, եթե շպիոնը իր ազգի արյունը մոռանում է։ Ես դա ասել եմ, իմ մասով ասեց՝ ճ կլասի շպիոն, ասեցի՝ եթե որևիցե մեկն ապացուցի, ես պատրաստ եմ հրապարակում կանգնել, թող ինձ մահապատժի արժանացնեն, թուղթն էլ գրեմ իմ համաձայնությամբ: Բայց եթե չէ, էդ մարդկանց մոտ սուտ ասելն արդեն սովորություն է դարձել, թող էդ մարդը գա, մտնի առյուծի բունն ու դուրս գա»,- կրկնեց Ծառուկյանը:
Ինչո՞ւ խուլիգանության և կողոպուտի համար մեղադրվող և արդեն մեկուկես տարի հետախուզվող որդին չի գալիս Հայաստան: Նվեր Ծառուկյանը Բելառուսում է, դեռ մեղադրանքի սկզբում էր փաստաբանն ասել՝ «գործեր ունի»: Հայրն ասաց՝ կգա, աշխատում է, բայց և նշեց՝ գիտի, որ որդին գա, կկալանավորեն:
«Թող կալանավորեն, գիտեմ, բայց եթե տղայիս հետ հինգ հոգի մարդ կալանավորել էին, բոլորը հիմա տունն են, հանցանք չկա, այ ցավդ տանեմ»,- ասաց Ծառուկյանը:
Հարցին՝ այդ դեպքում, ինչու են շարունակում մեղադրել, պատճառը որն է, Ծառուկյանը պատասխանեց.- «Թևանյանին ինչի՞ մեղադրեցին: Երկու սուտկա մտածում էին, թե ինչ կպցնեն»:
Անցած շաբաթ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատ ցեմենտի» գործարանը պետականացնելու մասին հայտարարած վարչապետն այսօր շարունակել էր այդ ցանկը՝ այս անգամ հասնելով Ծառուկյանի առանձնատանը: ԲՀԿ առաջնորդն այլ առաջարկ ունի.
«Ժողովուրդ ջան, 31 թվականին Ծառուկյանի սարի վրի տունը վերցնելու են, տամ ծերանոցը... Եղբայր, բեր հիմա կառավարական առանձնատունը վերցնենք, տանք մեր վիրավոր զինվորներին կենտրոն սարքենք։ Ծառուկյանն էլ ամբողջ գույքն իրա կողմից կտա»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:
Ծառուկյանին Էջմիածնում ծափերով, ծաղիկներով, աղ ու հացով դիմավորեցին, նա էլ ծաղիկներ խոնարհեց հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող «Անմար կրակ» հուշարձանին:
Քարոզարշավի 17-րդ օրը ընդդիմադիր առանցքային ուժերը, որոնց Փաշինյանը «պատերազմի եռագլուխ» կուսակցություն է անվանում, ևս անցկացրեցին իշխանությանը քննադատելով: Փաշինյանը չկատարեց խոստումները, ավելին՝ «հանձնեց Արցախը, հայրենազրկեց արցախցիներին, եռապատկեց Եռաբլուրն ու հիմա էլ փորձում է Հայաստանը դատարկել՝ շունչ հաղորդելով Ալիևի ծրագրերին՝ Արևմտյան Ադրբեջանին», Երևանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:
«Ով քվեարկում է Նիկոլ Փաշինյանի համար, քվեարկում է Ալիևի համար: Այս մարդիկ, այս քաղաքական թիմը քաղաքական խարդախներ են. խաբել են մեր ժողովրդին, ասել են մի բան, արել են ճիշտ հակառակը, բերել են ավերություններ, զոհեր, արել են ամեն ինչ՝ ցույց տալու համար, որ իրենց խոսքն ունի 0-ական արժեք»,- Էրեբունիում իր ելույթի ընթացքում ասաց Քոչարյանը:
Հայաստանը տասը տարի ղեկավարած և նորից իշխանության ձգտող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր քարոզչական ելույթներում մեկ անգամ չէ շեշտում հզոր դաշնակից ունենալու կարևորությունը՝ նկատի ունենալով Ռուսաստանին:
Փաշինյանի իշխանությունը «հետևողական քայլերով փչացնում է հարաբերություններն այդ դաշնակցի հետ՝ Էրեբունիում հայտարարում էր Քոչարյանը, թեև Փաշինյանի թիմը վստահեցնում է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լուրջ ճգնաժամ չկա:
«Երկիրը չի կարող ունենալ մարտունակ, ժամանակակից բանակ, եթե չունի ուժեղ առաջնորդ: Չի կարող երկիրն ունենալ հզոր դաշնակից, եթե չունի ուժեղ առաջնորդ և մարտունակ բանակ, հակառակ դեպքում դու ո՞ւմ ես պետք, դու գործընկեր չես, դու բեռ ես: Եվ առանց հզոր դաշնակցի դժվար է ապահովել ամբողջական անվտանգությունը: Սա է խաղաղության բանաձևը»,- հայտարարեց Քոչարյանը:
Փաշինյանի մյուս մրցակիցը՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, որ ի տարբերություն Ծառուկյանի ու Քոչարյանի, իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով տնային կալանքի տակ է, և միայն իր հարկի տակ կարող է հանդիպել ընտրազանգվածին, այսօր ընդունել էր Կոտայքի մարզի բնակիչներին, որոնք նրան դիմում էին «վարչապետ»-ով:
Իր ունեցվածքը Ռուսաստանում կուտակած միլիարդատեր Կարապետյանն այսօր նորից խոսեց առանցքային խոստման՝ 300 հազար աշխատատեղի բացման մասին, պատմեց, թե Հրազդանում արդեն սկսել են մեծ ծրագրեր անել: Մյուս ընդդիմադիրների պես քննադատեց Փաշինյանի թիմին:
«Համակարգային գրդոն է էս երկիրը, մենք շուտով ձեզ ցույց կտանք՝ որտեղ ինչ են կերել: Ձևը գտել են՝ տարիներով մարդկանց ոնց շանտաժի ենթարկեն, ոնց վախեցնեն»,- ասաց միլիարդատեր Սամվել Կարապետյանը:
Կարապետյանը հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու մասին հայտարարեց, երբ մեկ տարի առաջ եկեղեցուն իր ձևով պաշտպանելու հայտարարությունից հետո հայտնվեց ճաղերից այն կողմ: Մեղքը չընդունող գործիչն այսօր քննադատեց իրավապահներին՝ ընդդիմադիրների ձերբակալությունների համար, կոնկրետ անուններ, սակայն, չտվեց:
Կարապետյանի խոսքով.- «Միակ բանը, որ սրանց գլխի մեջ կա՝ ինչքան մարդ ձերբակալեն, ինչքան մարդ կալանավորեն, ուրիշ ոչ մի բանից սրանք չեն հասկանում»:
Ընդդիմադիր երեք առանցքային ուժերը պնդում են՝ Փաշինյանի իշխանությանը հաշված օրեր են մնացել, «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը, մինչդեռ, կարծում է՝ նրանք խորհրդարան չեն անցնի: