Կոռուպցիոն հանցագործությունները քննող կառույցի ղեկավարի թափուր պաշտոնին դիմելու ժամկետը լրացել է: Մրցութային խորհուրդը չորս թեկնածուի դիմում է ստացել, «Ազատությանը» փոխանցեց խորհրդի անդամներից Դանիել Իոաննիսյանը:
«Ես, այդուհանդերձ, չեմ բացառում, որ մենք կարող է ստանանք էլի հայտեր, որոնք թեկնածուները իրավունք ունեին մինչև ամսի 6-ի ուշ գիշեր ուղարկել «Հայփոստ»-ի միջոցով», - նշեց Իոաննիսյանը:
Կարևոր իրավապահ կառույցի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Կարեն Բատիկյանը, Արտաշես Մայիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը:
Կարեն Բատիկյանը փաստաբան է: Մինչ այդ երկար տարիներ աշխատել է քննիչ ու դատախազ: Ինչո՞ւ է որոշել փաստաբանական ոլորտից տեղափոխվել կոռուպցիայի դեմ պայքարի կառույց: Արդյոք կարող է անկաշկանդ աշխատել ու կոռուպցիան արմատախիլ անել պետական համակարգից: Բատիկյանը չցանկացավ հարցերին պատասխանել մինչև մրցույթը:
«Կոնկրետ պատասխաններ ունեմ, կոնկրետ մոդել ունեմ էդ ամեն ինչի մասին, բայց էդ հարցին նորից չեմ պատասխանի, որովհետև, նախ, իրենք շատ ծավալուն հարցեր են, դրանց մասին կարելի է ժամերով խոսել», - «Ազատությանն» ասաց Բատիկյանը:
Թեկնածուներից մեկը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է՝ Արթուր Նահապետյանը, որը այս պաշտոնին նշանակվել է ընդամենը մեկ ամիս առաջ: Մինչ այդ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր է եղել:
Արտաշես Մայիլյանը քննիչ է Հակակոռուպցիոն կոմիտեում, նա քննել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործը:
Չորրորդ թեկնածուն՝ Պետրոս Մարտիրոսյանը, վարչապետի աշխատակազմից է, ղեկավարում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակը: Մինչ այդ դատախազ է աշխատել:
Մրցութային հանձնաժողովն ուսումնասիրում է թեկնածուների փաստաթղթերը: Եթե հաստատվի նրանց թեկնածությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է նրանց բարեվարքությունը քննելու, ինչից հետո մրցույթն է անցկացվելու լրատվամիջոցների ներկայությամբ: Մրցույթում քննելու են նրանց մարդկային որակները, բարեվարքությունն ու մասնագիտական գիտելիքները: Առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկին էլ Կառավարությունը կնշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար: Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ մինչև մարտի կես դեռ թափուր կմնա ղեկավարի պաշտոնը:
«Դե իհարկե լավ չի, իհարկե լավ չի, որ այդ կաևոր կառույցը ղեկավար չունի, բայց, ամեն դեպքում, ավելի լավ է սենց, քան ափալ-թափալ ինչ-որ մեկին նշանակել», - ընդգծեց Իոաննիսյանը:
Այս պաշտոնը թափուր է անցած նոյեմբերից, երբ վարչապետ Փաշինյանը SMS-ով հորդորեց կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հրաժարական տալ:
«Խնդիրն այն չի, թե գրավոր է արել, բանավոր է արել, խնդիրն այն է, որ, այո, Հայաստանում մենք գլոբալ խնդիր ունենք անկախ մարմինների իրական անկախության մակարդակի հետ: Հայաստանում առհասարակ այն մարմինները, որոնք օրենքով, Սահմանադրությամբ պետք է անկախ լինեին, տարբեր տարբեր պատճառներով իրապես անկախ չեն», - ասաց Իոաննիսյանը:
Սպասվող մրցույթից առաջ մեկն էլ եղավ ու տապալվեց: Դիմել էր մեկ թեկնածու՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Ռաֆայել երիցյանը: Նա չհաղթահարեց անցողիկ շեմն ու նոր մրցույթ հայտարավեց: Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ քննության ընթացքում պաշտոնյան չէր կարողացել փարատել իր ունեցվածքի աղբյուրների վերաբերյալ կասկածները:
Մրցութային հանձնաժողովի անդամներից երկուսը քաղհասարակությունից են՝ Դանիել Իոաննիսյանը, որ Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավարն է, ու Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը։ Մրցութային խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանն է։ Խորհրդի կազմում են Արդարադատության նախարարության, Դատախազության, Ազգային ժողովի մեկական ներկայացուցիչներ: Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է 2021 թվականի վերջից, առաջին ղեկավարը Սասուն Խաչատրյանն էր, որը մոտ 3.5 տարի պաշտոնավարեց: