Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոնն առավոտից քննում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցը


Հակակոռուպցիոն դատարանն այսօր քննում է հերթական միջնորդությունը, որով Քննչական կոմիտեն պահանջում է ևս երկու ամսով երկարաձգել արդեն հինգ ամիս բանտում պահվող գործարար Սամվել Կարապետյանի կալանքը:

Դատարանի բակում հավաքված են Կարապետյանի աջակիցները՝ նրան ազատ արձակելու պահանջով:

Փաստաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ ՔԿ-ի փաստարկը նույնն է, ինչ մեկ ամիս առաջ, այն ժամանակ դատարանը 30 օրով էր երկարացրել Կարապետյանի կալանքը: Ըստ փաստաբանների՝ կոմիտեն նշում է, որ ազատության մեջ Կարապետյանը կխոչընդոտի գործի քննությանը և պետք է շարունակի գտնվել կալանքի տակ:

«Բավականին ծավալուն էին փաստաբանական թիմի հարցադրումները, ու ընդհանուր գործը 18 հատորից է բաղկացած՝ շատ ծավալուն: Եթե տեսնում եք, ժամեր շարունակ մենք հարցեր ենք տալիս վարույթն իրականացնող մարմնին, ու կարելի է ասել՝ չի լինում որևիցե հարցի հստակ պատասխան, քանի որ այս քրեական գործը ամբողջությամբ Սամվել Կարապետյանին բացարձակ չի վերաբերում, ինքը շինծու, ապօրինի ու անհիմն գործ է:

18 հատորից գործ է բաղկացած, բայց 18 հատորից որ էջ ասում ենք՝ թերթեք և ցույց տվեք՝ ինչ կապ ունի դա Սամվել Կարապետյանի հետ, որևէ ձևով չեն կարողանում հիմնավորել։ Իմ խորին համոզմամբ՝ վարույթն իրականացնող մարմնի միակ հույսը նրա վրա է, որ դատարանների նկատմամբ ինչ-որ ենթադրյալ ճնշումներ բանեցնել կլինի, կամ չգիտեմ՝ ինչ-որ միջոցներով իրենց հաճո որոշումներ ստանան Դատարաններին եթե չբզեն, թողնեն, իրենք իրականացնեն արդարադատություն, վստահ եմ՝ մենք ականատես կլինենք, որ այս գործը շատ արագ պետք է կարճվի», - ասաց Հակոբյանը։

60-ամյա գործարարը իրավապահների թիրախում հայտնվեց Հայ Առաքելական եկեղեցուն իշխանության արշավից պաշտպանելուց հետո:

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին», - հայտարարել էր Սամվել Կարապետյանը։


Կարապետյանի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո ևս երկու հոդված ավելացրին՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը: Կարապետյանն ու նրա փաստաբանները մեղադրանքը համարում են քաղաքական հետապնդում:

«Սույն թվականի հունիսի 17-ից չեմ դադարել իմ կարծիքը արտահայտել, նաև պնդում եմ, որ սա իրավական գործընթաց չէ։ Սա ընդամենը քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական օրակարգ է, քաղաքական հետապնդում է։ Ով ոնց կուզի, թող դա ընդունի, բայց սա իրավաբանության հետ որևէ աղերս չունի», - ասաց փաստաբան Լիանա Գալստյանը։

Մեկ այլ փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ դատարանները կարող են կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, բայց ամիսներ շարունակ մերժում են իրենց առաջարկները:

Ըստ փաստաբանների՝ քննիչը դատարան ներկայացված միջնորդության մեջ ներառել է նաև վերջերս վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը: Այս ատյանն, նրանց խոսքով, շատ արագ՝ 20 օրում քննել ու որոշել էր, որ Կարապետյանին վերագրվող տնտեսական հանցագործությունները հիմնավոր են: Սա այն դեպքում, երբ առաջին ու վերաքննիչ ատյանները հակառակն էին որոշել:

Փաստաբան Հակոբյանն էլ ընդգծեց՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքի դեպքում արդեն սպառված է Կարապետյանին կալանքի տակ պահելու ժամկետը, և կալանքը երկարաձգելու համար մնում է տնտեսական բնույթի մեղադրանքը: Ռուբեն Հակոբյանն ընդգծեց, որ եթե այս անգամ էլ այս ատյանի դատարանը գտնի, որ չկա հիմնավոր կասկած, ապա Կարապետյանին պետք է ազատ արձակեն:



Գործարարի եղբորորդին, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը համոզված է՝ ընտրություններից առաջ իր հորեղբորը մեկուսացնելու խնդիր կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG