Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները դատավոր Արտուշ Գաբրիելյանին այսօր դուրս են հանել դատական նիստերի դահլիճից։ Օրվա ավարտին իրավապահ կառույցից միայն հայտնեցին, որ քննչական գործողություններ են իրականացրել՝ կաշառք տալու, ստանալու և օժանդակելու դեպքերի առթիվ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Ըստ հաղորդագրության՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Այլ մանրամասներ չկան, պարզ չէ՝ ինչ առնչություն ունի դատավորը կաշառք տալու-ստանալու գործին:
Դատավորին մեղադրյալ ներգրավելու համար պահանջվում է Բարձրագույն դատական խորհրդի թույլտվությունը: Սակայն կառույցից մեկնաբանություն չեն տալիս։ Լուռ է նաև Գլխավոր դատախազությունը։ Հայտնի չէ՝ արդյոք դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության մասին միջնորդություն է ներկայացվել։
Զանգերին չեն պատասխանում դատավորի փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևն ու Էրիկ Ալեքսանյանը։ Վերջինս, սակայն, Ֆեյսբուքում գրել է, որ Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ։ Փաստաբանի գրառման մեջ ոչինչ չկա գործի մասին, որի շրջանակում Հակակոռուպցիոնը առավոտյան դուրս էր հանել դատավորին դատական նիստից:
Հնչեղ դատական գործերով հայտնի դատավորը, որ բավարարել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, «Սասնա ծռեր» զինված խմբի 14 անդամի գործն էր քննել, առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ և 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար։
Անցած տարի սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության էր ենթարկել 60-ամյա Արտուշ Գաբրիելյանին: