Գյումրիի Ղորղանյան փողոցը 4 տարի առաջ է նորոգվել ու սալապատվել։ Կոմունիկացիաներն այստեղ ստորգետնյա անցկացրին, որպեսզի մալուխները չփչացնեն Գյումրիի պատմական կենտրոնի ճարտարապետական տեսքը։ Տարիներ անց, սակայն, հոսանքի մալուխները գետնի տակից դուրս են եկել, տեղ-տեղ քայքավել ու վտանգավոր դարձել։
Բնակիչներն անհանգստացած են՝ մի օր կարող է չնկատեն, և իրենք, և այստեղով անցնող հարյուրավոր զբոսաշրջիկները հոսանքահարվեն։
«Վախենալուն այն է, որ երեսի ռեզինը կարող է մաշվել, ու յուրաքանչյուր անցորդ տոկահարվի», - ասում են նրանք։
Փողոցի բնակիչներից Վալոդյա Գյուլբեկյանն իր տան դիմացով անցնող հատվածում գետնի վրա հայտնված մալուխը փակել է, բայց տեղ-տեղ ծածկը քայքայվել է, ու մալուխն արդեն տեսանելի է։
Գյումրիի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ փողոցի շինարարության ավարտից հետո հոսանքի վթարի վերացման հետևանքով են մալուխները նախատեսված խորության փոխարեն մակերեսային անցկացվել։
«Շահագործման անցնելու ժամանակ գետնի տակով է եղել մալուխը, տվյալ տարածքում խնդիր է առաջացել, մալուխը կտրվել է, այլընտրանքային լուծում է տրվել՝ ավելի մակերեսային է տարվել մալուխը և բարակ շերտով ծածկվել է։ Անձրևների, ձյան պատճառով քայքայվել է բարակ շերտը, մալուխը դուրս է եկել», - «Ազատության»-ն ասաց քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Մարտին Սարուխանյանը՝ պնդելով՝ տեղյակ են և կառուցապատողի հետ պայմանավորվել են՝ առաջիկայում խնդրին լուծում կտրվի։
«Ավելի խորքային է տեղադրվելու մալուխը և ավելի հաստ շերտով է ծածկվելու», - նշեց նա։
Նորակառույց փողոցում անցկացված հոսանքի մալուխը թե ինչու է շահագործումից կարճ ժամանակ անց շարքից դուրս եկել, գուցե անորա՞կ է եղել, քաղաքապետարանի պաշտոնյան չկարողացավ պատասխանել, քանի որ մեկ ամիս առաջ է նշանակվել այս պաշտոնին, իսկ փողոցը 4 տարի առաջ է շահագործվել։ Վստահեցրեց, որ խնդրի վերացման ժամանակ կվերահսկեն, որ մալուխը հնարավորինս խորն անցկացվի, ծածկն էլ հաստ շերտով լինի։