«Չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես, (Գյումրիի) 58 թաղամասում կարող են լինել այդպիսի փողոցներ, բակեր», - այսօր Կառավարության հետ քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
«Գյումրիում մենք հնարավորինց արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ, մինչ այդ էլ, թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է արագ՝ այսօրվանից սկսած գործողություններ իրականացնենք», - նշեց նա:
Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում արտահերթ ընտրություններ անցկացնելու իր մտադրության մասին վարչապետը խոսել էր նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում: Գյումրիի ավագանու խմբակցություններից Փաշինյանին հակադարձել էին, թե ավագանին լուծարելու օրինական ոչ մի հիմք այս պահին չկա:
Գյումրիում անցած տարի ընդդիմության միավորման արդյունքում իշխանության եկավ Կոմկուսը՝ ընդդիմադիր Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Չնայած Ղուկասյանը հոկտեմբերից կալանավորված է, բայց տեղի ավագանին բնականոն գործում է, որոշումներ կայացնելու համար քվորում լինում է: Իսկ ավագանին լուծարելու ու արտահերթ ընտրություններ նշանակելու համար մեկ նստաշրջանում ավագանին պետք է առնվազն երկու նիստ չգումարի, ինչպես եղավ 2024 թվականի տարեվերջին: