Մատչելիության հղումներ

Գյումրիում 4 տարի առաջ հիմնանորոգված ճանապարհների մեծ մասում ճաքեր են, կարկատաններ


Գյումրիում ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով 4 տարի առաջ հիմնանորոգված ճանապարհների մեծ մասում կամ ճաքեր են գոյացել, կամ էլ արդեն գործը կարկատանին է հասել։

Անզեն աչքով տեսանելի է, որ ճաքերի մեծ մասը գոյացել է ասֆալտի երկու մասերի միացման հատվածներում, փողոց կա՝ գրեթե ամբողջական երկայնքով։ Պատասխանատուների պնդմամբ՝ համապատասխան տեխնիկա չկա, որ միանգամից ամբողջական փողոցը լայնքով ասֆալտապատվի, իսկ երկու կեսով ասֆալտապատման արդյունքում կարճ ժամանակ անց ունենում ենք այս պատկերը։

Գյումրիի քաղաքապետարանը լուծումը գտել է` բիտումով իրականացնում են ճաքալցումներ, բայց արդյունավետությունը 100 տոկոս չէ, ասում է քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի պաշտոնակատար Մարտին Սարուխանյանը։

«Ճաքալցումն ամեն դեպքում արդյունավետ է, ասֆալտի կյանքն է երկարեցնում: Ընդհանուր առմամբ եղանակի հետ պայմանավորված՝ 30 աստիճան շոգին ճաքալցումը չի կարող իր տեղում մնալ, մեքենաների անիվների հետ դուրս է գալիս ճաքերի միջից, բայց ընդհանուր առմամբ ճաքալցումը մեծ արդյունավետություն տալիս է ասֆալտի որակին», - ասաց Սարուխանյանը:

Պարզվում է ճաքալցման համար ճաքած հատվածի համար չափ կա սահմանված. - «Էդ ճաքի խորությունից ու լայնությունից կախված, եթե ճաքը հա՛մ շատ խորն է, հա՛մ լայն է, ճաքալցում անիմաստ է անելը: 3 սմ լայնությամբ ճաքերին մեծ օգուտ տալիս է, եթե դրանից լայն է, անիմաստ է անելը, չի մնա»:

Իսկ եթե չափը գերազանցում է, ապա արդեն փոսալցման տարբերակն է մնում. - «Մասնագետները հենց իրենք խորհուրդ են տալիս էդ կոնկրետ արժի ճաքալցումով անել, թե փոսայինով անել»:

Թե ինչո՞ւ է նորակառույց փողոցները շահագործումից 4 տարի անց այս վիճակում հայտնվել, Սարուխանյանն ասաց, թե հարցի պատասխանը չունի, քանի որ մի քանի ամիս է՝ պաշտոնակատար է նշանակվել։

Մի կողմից փողոցներում ի հայտ եկած ճաքերը մյուս կողմից էլ գազի, լույսի, ջրի ու կոյուղու վթարների հետևանքով փորված փոսերն են նորակառույց փողոցներում նոր կարկատանների պատճառ դառնում։

Իրենք փորում են իրենք էլ իրենց միջոցներով վերականգնում են, բայցառությամբ ՀԷՑ-ի որը պայմանագիր ունի քաղաքապետարանի հետ ու քաղաքապետարանն է մրցույթով շահած ընկերությանը պատվիրում այն իրականացնել ՀԷՑ-ի գումարների հաշվին։ Գազի ու ջրի պարագայում այդ կառույցներն են վերականգնում։

Գարեգին Նժդեհ փողոցում ջրմուղի փորած փոսը նորից են ասֆալտապատել, բայց այնպես, որ փողոցից բարձր է ստացվել։

ՎԶԵԲ-ի ծրագրով էլ Շինարարների փողոցը ասֆալտապատելուց հետո «Գազպրոմ»-ի մասնաճյուղը հիշեց, որ գազամուղ է փոխելու։ Նորակառույց փողոցի մի հատվածում 2 տարի անց ասֆալտի շերտը նստվածք է տվել բավականին մեծ փոս ու ճաքեր է առաջացրել։ Քաղաքապետարանի պաշտոնյան վստահեցնում է, որ դրանք նորից կասֆալտապատվեն։

Գյումրիում հատկապես երկրորդական շատ փողոցներ կան, որ կարկատելու տեղ չկա։ Հիմնանորոգման համար էլ հերթի են սպասում, թե երբ կհասնի, կախված է սուբվենցիոն ծրագրերից։ Փողոցներից մեկում գոյացած փոսը բնակիչները քարերով են լցրել, մինչև փոսային նորոգման հաջորդ փուլով ասֆալտը տեղ կհասնի։ 11 հազար քառակուսի փոսային նորոգումն ավարտել են ևս նույնքան էլ առաջիկայում կսկսեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG