Մատչելիության հղումներ

Գյումրիի Լազոյի փողոցը՝ կռվախնձոր ՔՊ-ի ու համայնքապետարանի միջև


Գյումրիի համայնքապետարանի ու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միջև դարձյալ կռիվ է ընկել: Բայց այս անգամ ոչ թե քաղաքական հայտարարություններն են պատճառը, այլ Լազոյի փողոցը:

ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Միասյանը երեկ «Ահազանգում են բնակիչները» վերնագրով կարճ տեսանյութ էր հրապարակել այս փողոցից:

«Արդեն 3 ամիս է, ինչ անտերության է մատնված Լազոյի փողոցը, որտեղ նաև թիվ 18 դպրոցն է: Սա անգործության ու անտարբերության դրսևորում է գյումրեցիների հանդեպ», - գրել է Մինասյանը՝ հետգրությամբ էլ գյումրեցիներին առաջարկել էր, թե «քանի որ հարյուրավոր նամակներ եմ ստանում ձեր փողոցների վատ վիճակի մասին, առաջարկում եմ կարճ տեսանյութեր ուղարկել՝ նշելով փողոցը կամ թաղը»:

Սարիկ Մինասյանի այս հայտարարության պատասխանը չուշացավ: Գյումրիի քաղաքապետարանից երեկոյան այցելել էին Լազոյի փողոց, նկարահանել ու պարզաբանել, թե ինչու են փողոցի սկզբնամասում փոսերը փորվել, բայց այդպես էլ հերթը ասֆալտապատմանը չի հասել:

«Հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին, մենք սկսեցինք այդ աշխատանքները, մի քանի օր աշխատելուց հետո պարզվեց, որ Տարածքային զարգացման նախարարության... այսինքն՝ ամբողջ Լազոյի փողոցը և Բաղրամյան փողոցի շարունակությունը, վերջնամասը մտնելու է ծրագրի մեջ։ Բնականաբար, մենք դադարեցրինք», - ասաց Գյումրիի քաղաքապետարանի փողոցաշինության հարցերով փորձագետ Կնյազ Մանասյանը:

Լազոյի փողոցը միանալու է Գյումրիի Արևիկ-Այգաբաց-Վարդաքար ճանապարհին, որն այս պահին հիմնանորոգվում է: Այն հետո է ներառվել այդ ծրագրի մեջ: Ու քանի որ կառավարությունը ստանձնել է փողոցի հիմնանորոգումը, քաղաքապետարանից իրենց փորած փոսերը ասֆալտապատելը անտեղի գումարը քամուն տալ են համարում:

«Մենք, եթե դնեինք, էդ փոսը ասֆալտապատեինք, բնականաբար, դա կլիներ այդքան փողը քամուն տալ։ Այսօրվա դրությամբ ճանապարհային դեպարտամենտն է, կոպիտ ասած, ճանապարհի տերը էս պահին», - ասաց փորձագետը:

ՔՊ խմբակցությունը կդիմի իրավապահներին, եթե հանցակազմ տեսնի

ՔՊ խմբակցությանը չի բավարարել համայնքապետարանի պարզաբանումը, չեն ընդունում, որ դա փողերի անտեղի վատնում է: Ավագանու անդամներից Քնարիկ Հարությունյանն ընդգծում է՝ եթե շինարարական կազմակերպության հետ պայմանագիր է կնքվել, ուրեմն միայն փոսերը փորելու համար չեն կնքել:

«Եվ, բնականաբար, եթե այդքան աշխատանքները տեղի է ունեցել, ենթադրելի է, որ կա շինկազմակերպություն, ով շահել է այդ տենդերը, ով իր վրա է վերցրել և՛ քանդման, և՛ հետո արդեն փոսալցում կատարելու աշխատանքները, բա այդ դեպքում ինչո՞ւ տվյալ շինկազմակերպությունը իր գործը ավարտին չի հասցրել, այսինքն՝ իր գործը ինչո՞ւմն էր, քանդե՞լ, թողնել, հեռանա՞լ»,- ասում է ՔՊ խմբակցությունից Քնարիկ Հարությունյանը:

ՔՊ-ը խմբակցությունը հարցում է ուղարկել համայնքապետարան, ու սպասում են պատասխանին: Եթե հանցակազմ տեսնեն, կդիմեն իրավապահներին:

Ինչո՞ւ ավելի շուտ չէին բարձրաձայնում խնդիրը, ինչի՞ն էին սպասում, «Ազատությունը» հարցրեց Քնարիկ Հարությունյանին, պատասխանեց. «Ինչո՞ւ հիմա, որովհետև սկզբնական շրջանում, եթե մենք այս հարցերի մասին խոսեինք, բնականաբար, հակառակ կողմից հակադարձում կլիներ, որ դե նոր ենք եկել, դեռ չենք հասցրել, պիտի ուսումնասիրություններ անենք, ժամանակ է պետք աշխատանքներ իրականացնելու համար և այլն, և այլն։ Դրա համար մենք սպասեցինք և այսպես ողջախոհ ժամանակ տրամադրեցին քաղաքային իշխանություններին, որպեսզի իրենք լիարժեք ստանձնեն իրենց պարտավորությունները, բայց ժամանակը անցնում է, օրերը գլորվում են և սայլը տեղից չի շարժվում»:

Գյումրիի քաղաքային և կենտրոնական իշխանության հարաբերությունները վերջերս առավել սրվեցին, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ մի դաշինքում տեսնող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արձագանքեց վարչապետ Փաշինյանը, թե նման հայտարարություններ անողները պետք է դուրս շպրտվեն հանրային ու քաղաքական կյանքից:

Ու քանի որ Լազոյի փողոցն ավելի ուշ է ընդգրկվել ծրագրում, երբ արդեն Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհի հիմանորգումը սկսվել էր, ենթադրելի էր, որ Գյումրիի հատվածում ավելի ուշ կմեկնարկեն ու կավարտվեն աշխատանքները: Ավագանու անդամը հարցնում է՝ իսկ մինչ այդ ճանապարհի այդ հատվածից օգտվողներին ինչո՞ւ պետք է անհարմարություն պատճառեն:

«Պատճառաբանում են՝ դե, որպեսզի համայնքային փողերը չվատնենք, իսկ կներեք, հնարավոր է, որ այս փողոցի շինաշխատանքները մեկ տարի ձգվեն, այսինքն՝ մեկ տարի մարդիկ պիտի էդ անհարմարությունները կրեն, ի՞նչ գումարի վատման մասին է խոսքը, եթե դա ուղիղ վերաբերելի է մեր համաքաղաքացիների բարեկեցությանը», - ասում է Հարությունյանը:

Լազոյի փողոցի բնակիչները ևս հարցնում են՝ դեռ որքա՞ն են սպասելու, որ փորված փոսերը ասֆալտապատվեն:

«Եկան, սկզբից ասֆալտեցին, հետո էլ չարեցին, այդպես քանդեցին, ավերին թողին,գնացին», «թող փողոցը սարքեն, մենք ի՞նչ է, մենք վերջը բնակիչ ենք, մարդ ենք, կաշխատենք, տեխասմոտոր կմուծենք, տեխասմոտոր ինչո՞ւ կմուծենք, ես կարող եմ այնքան ժամանակ տեխասմոտոր չմուծեմ, մինչև ճանապարհները նորմալ սարքեն, բայց հանկարծ տեխասմոտոր չմուծես, կբռնեն, տուգանեն։ Ես ավտոս առել եմ, ոչ մի խնդիր չի ունեցել մեքենան, հիմա ինչ ձայն ասես, գալիս է մեքենայից», - բողոքում են բնակիչները:

Ի դեպ, բոլշևիկ զինվորական Սերգեյ Լազոյի անունը կրող փողոցում արդեն կարկատելու տեղ էլ չկա: Իսկ փոսային նորոգման ենթակա փողոցների ցանկը ավագանին չի հաստատում, դա համայնքապետարանն է անում՝ ելնելով առաջնահերթությունից:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG