Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետարանի դեպքերի առթիվ քրեական վարույթ է հարուցվել


Ոստիկանները Գյումրիի քաղաքապետարանի մոտ, 20-ը հոկտեմբերի, 2025թ.
Ոստիկանները Գյումրիի քաղաքապետարանի մոտ, 20-ը հոկտեմբերի, 2025թ.

Գյումրիի քաղաքապետարանում և շենքի մոտ այսօր տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով:

«Հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից իրականացվել են քննչական գործողություններ, որոնց կատարմանն աջակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները։

Կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև վարչական շենքի մուտքերի մոտ և վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը, հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, որի ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նաև վերջիններիս նկատմամբ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի՝ «զանգվածային անկարգություններին մասնակցելը», 452-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը», և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի՝ «արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը» հատկանիշներով, նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, փոխանցում է Քննչականը:

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ «տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG