Գյումրիի ավագանու ընդդիմադիր թևում վերադասավորումները շարունակվում են: «Կոմկուս» խմբակցությունը կալանավորված ու մանդատից հրաժարված ավագանու անդամի փոխարեն նոր անդամ ունի այսօրվանից: Ընտրատարածքային հանձնաժողովը կալանավորված Տիգրան Ավագյանի մանդատը ցուցակի հաջորդ համարին փոխանցեց:
Արտյոմ Մկրտչյանը, սակայն, մանդատի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում Գյումրիի քաղաքապետարանում՝ կոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Նա մեկ ամիս ժամանակ ունի՝ կա՛մ մանդատը պետք է վայր դնի, կա՛մ պաշտոնից հրաժարվի: Եթե մանդատից հրաժարվի, ապա հաջորդ համարին է մանդատը փոխանցվելու՝ Սիրանուշ Մելիքյանին:
Այսօր ընտրատարածքային հանձնաժողովն ինքնաբացարկի դիմում էր ստացել «Կոմկուս» խմբակցության ցուցակի 14-րդ համարից՝ Գնել Մանուկյանից, ով հաջորդում է Սիրանուշ Մելիքյանին:
Գնել Մանուկյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ըստ մեղադրանքի կաշառք առաջարկած գործարարի աներն է: Կոմկուսի 33-հոգանոց ցուցակից ավագանու երեք նախկին անդամ մանդատից է հրաժարվել, մեկն էլ՝ ցուցակից դուրս եկել: Բոլորն էլ կալանքի տակ են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:
Վերադասավորումներ են նաև Ղուկասյանին սատարած՝ 6 մանդատ ունեցող «Մեր քաղաքը» խմբակցությունում: Նախորդ շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանի բացակայությամբ պայմանավորված՝ քվորում չկարողացան ապահովել ավագանու նիստ գումարելու համար: Հաջորդ օրը Միրզոյանը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց: Նոյեմբերի 19-ի նիստում նրա մանդատը կփոխանցվի Արտակ Հովսեփյանին, ով «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավարի հետ ընտրատարածքային հանձնաժողովի այսօրվա նիստին էր ներկա: Նրանք մտահոգ էին, որ իրենց ցուցակից դուրս գալու դիմում ներկայացրած Հասմիկ Խաչատրյանի հարցը հանձնաժողովը ոչ թե այսօր կքննարկեր ու որոշում կկայացներ, այլ մեկամսյա ժամկետում: Սակայն հանձնաժողովը հենց այսօր որոշում կայացրեց ու Խաչատրյանին «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակից հանեց: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն ասաց, թե հնարավոր քաղաքական շահարկումներից խուսափելու համար այսօր կայացրին որոշումը:
«Մենք էնպես ենք արել, որ ոչ մի անգամ թիրախում չհայտնվենք ու, էսպես ասեմ, էլի, եթե մենք հիմի մանդատ տայինք, էրկու օր հետո մի հատ էլ էնտեղ հրաժարվեր, մի հատ էլ արձանագրություն բերեինք, մենք մեր գործը բարդացնեինք, մարդկանց նյարդայնացնեինք, ինչ-որ մարդիկ, ոնց են ասում մեր գյումրվա բանով՝ եզի տակը հորթ ման գային, էդպես չի կարա լինի, էլի, կամ հավկիթի մեջը մազ», - հայտարարեց Ղազարյանը:
Ամեն դեպքում, հանձնաժողովը կարող էր գործընթացը ձգձգել, մանդատը տալ Հասմիկ Խաչատրյանին, ու անիմաստ կդառնար վերջինիս՝ ցուցակից դուրս գալու դիմումի քննությունը: Սա էլ, իր հերթին, կձգձգեր մանդատը հաջորդ համարին փոխանցելու գործընթացը:
«Կարող էին, բայց պարոն Ղազարյանն էլ իր խոսքի մեջ նշեց, որ ամեն ինչ կկապվեր ու կկառուցվեր քաղաքական ... Գիտեք, չափազանց քաղաքական իրավիճակ է Գյումրիում, սրված է ավագանու էդ մանդատների փոփոխության գործընթացը և այլն, ուստի մենք՝ խմբակցություններս պիտի հնարավորինս ուժեղ, պրոֆեսիոնալ, պատրաստված, օրինական դաշտով շարժվենք, որպեսզի բոլորիս մանդատները պահպանվի ժամանակին, և կարողանանք նիստեր գումարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը՝ շարունակելով. - «Որովհետև էս քաղաքական խաղիկները, ինտրիգները, ամեն բան որևէ մեկին, որևէ գյումրեցու չի հուզում ու հետաքրքրում, թե որ ցուցակից ով դուրս եկավ, ով ուր է գնում, ինչ է անում, ով ինչ ինտրիգներ ունի, ով որ քաղաքական դաշտում է և այլն, կամ, չգիտեմ, իշխող կուսակցությունը, ամեն դեպքում, տենչում է էդ աթոռին: Գյումրեցուն հուզում և հետաքրքրում են քաղաքի խնդիրները, իսկ եթե ավագանու նիստերը չեն ձևավորվում, ուրեմն՝ քաղաքը ևս մեկ ամիս հետ է ընկնում»:
«Ազատություն»-ը Գասպարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք խմբակցությունն ու ավագանու առանձին անդամներ ճնշումների տակ են: «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավարը հիշեցրեց ընտրությունների նախօրեին դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամների ձերբակալությունները: Ճնշումներ կան, բայց իրենց թիմի վրա վստահ են, որ մանդատները կպահեն. - «Մեզ որքան փորձում են ճնշել, մենք ավելի ակտիվ ու ավելի աշխուժորեն ենք աշխատում, կարելի է ասել, Գյումրիում, մեր հակահարվածը դա է»:
Առաջիկայում Գյումրիի ավագանին արտահերթ նիստ է գումարելու՝ որոշելու հերթական նիստի օրը: Իսկ մինչ այդ չի բացառվում, որ էլի մանդատից հրաժարվողներ կլինեն: