Այս շաբաթ «Քաղաքացիական պայմանագրի» ջանքերով տապալված նիստից հետո Գյումրիի ավագանու մանդատից հրաժարվել է «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Նարեկ Միրզոյանը: Խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը այսօր ևս պնդեց, որ սրա տակ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել:
«Միանգամից ասեմ, որ որևէ քաղաքական զարգացումներ, սցենարներ չկան, Նարեկի՝ մանդատը վայր դնելու հարցը բացառապես անձնական խնդիր է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գասպարյանը:
Միրզոյանի դիմումն արդեն ընտրատարածքային հանձնաժողովում է: Նրա հետ զրուցել չհաջողվեց, հեռախոսազանգերին չի պատասխանում:
Գյումրիում, սակայն, լուրեր են շրջանառվում, որ Միրզոյանի նկատմամբ քաղաքական ճնշումներ են եղել, բայց ոչ թե իր թիմից, այլ՝ իշխանական թևից: Լիզա Գասպարյանը բացառեց սա՝ վերահաստատելով, որ որոշումը բացառապես Նարեկ Միրզոյանինն է. - «Չկա, այո, այո, չկա: Սա անձնական որոշում է, մենք իհարկե տխրեցինք, որովհետև ինքը մեր իրավական բլոկն էր ապահովում:
Գյումրիի ավագանու ընդդիմադիր թևում վերադասավորումներ են, որոնք սկսվեցին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բանտարկությունից հետո: Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված «Կոմկուս» խմբակցության երեք անդամ մանդատից հրաժարվեց, երկուսի դեպքում մանդատն արդեն փոխանցվել է հաջորդ համարին: Ընդդիմադիր թևն այս պահին 16 մանդատ ունի: Եթե ՔՊ-ն շարունակի բոյկոտել նիստերը, ապա նրանցից մեկի բացակայությունն էլ հանգեցնում է քվորումի բացակայության ու նիստի տապալման: Այդպես եղավ, օրինակ, այս շաբաթ՝ Նարեկ Միրզոյանի բացակայության օրը:
Նարեկ Միրզոյանի մանդատը ցուցակի հաջորդ համարին է փոխանցվելու՝ Հասմիկ Խաչատրյանին: Բայց պարզվում է՝ նա էլ ընտրատարածքային հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:
«Ինքը, նոտարական վավերացմամբ, էնտեղ պատճառաբանությունը էսպես է, որ երկրից պետք է բացակայի, ինքը ցուցակից դուրս է գալիս», - ասաց թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը:
Եթե հանձնաժողովը նոյեմբերի 17-ի նիստում չքննի Հասմիկ Խաչատրյանի ինքնաբացարկի դիմումը, ապա Նարեկ Միրզոյանի մանդատը նրան է փոխանցվելու:
«Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն, այնինչ, պնդում է՝ Հասմիկ Խաչատրյանն ավելի շուտ է դիմում ներկայացրել, ու կարծում է՝ հանձնաժողովը պետք է նախ նրա դիմումը քննարկի, հետո նոր՝ մանդատի տրամադրման հարցը:
«Նախ առաջինը, որ Հասմիկ Խաչատրյանը շատ ավելի շուտ է դիմումը տվել, քան՝ Նարեկ Միրզոյանը, սկսենք այդտեղից; Մենք կլինենք էդ օրը անպայման նիստում, էս պահին մեր իրավաբանական թևը ևս դրա վրա աշխատում է, որ ամեն բան լինի օրենքով, որևէ մանիպուլյացիա, որևէ ինչ-որ բան, էդպես, ստորակետ օրենքի մեջ տեղափոխելով և ասել, որ ինչ-որ բան, դա չի լինի», - նշեց Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավարը:
Այնուհանդերձ, եթե հանձնաժողովը մանդատը տրամադրի Հասմիկ Խաչատրյանին, վերջինս մանդատից կհրաժարվի:
«Խնդիր չի, Հասմիկ Խաչատրյանը կվերցնի, դիմում կգրի ու կհրաժարվի իր մանդատից: Հետո իրենք ըստ իրենց ցանկության երբ ուզեն՝ նիստ կգումարեն, Հասմիկ Խաչատրյանին կհանեն ցանկից, որևէ խնդիր չկա», - ասաց Լիզա Գասպարյանը:
Արդյո՞ք «Մեր քաղաքը» խմբակցությունում քաղաքական խմորումներ են: Գասպարյանը սա ևս բացառեց ու վստահեցրեց, որ իրենք իրենց վեց մանդատը կապահովեն. - «Եվ որպեսզի էլի նույն պրոբլեմը չունենանք, որ Հասմիկը երկրում չի լինի, բայց նիստ գումարվի, և այլն, էլի այդ նույն պրոբլեմը ունենանք, Հասմիկը ցուցակից դուրս է գալիս, որ լինի էն մարդը, ով որ կլինի միշտ քաղաքում, կփորձի միշտ լինել, էլի, էսպես ասած, զուտ էդ պատճառն է»:
Մանդատից հրաժարվելու հաջորդ դիմումը «Կոմկուս» խմբակցության կալանավորված անդամ Տիգրան Ավագյանինն է, ով կալանավորված է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Ընտրատարածքային հանձնաժողովը յոթնօրյա ժամկետում նրա մանդատը հաջորդ համարին կփոխանցի:
«Հերթական հաջորդ համարը Մկրտչյան Արսենն է», - ասաց հանձնաժողովի նախագահը:
Կոմկուսից նաև ինքնաբացարկի դիմում կա կալանավայրից՝ ցուցակի 13-րդ համար Արա Ավետիսյանից:
«Քրեակատարողականի պետը օժտված է նաև նոտարի լիազորություններով, ինքը երվբ որ կնիքած, ստորագրած դիմումը ուղարկում է մեզ, դա համարվում է նոտարական վավերացում», - նշեց Տիգրան Ղազարյանը:
Իսկ ՔՊ-ի ցուցակի 83-րդ համարի՝ Հմայակ Խաչատրյանի ինքնաբացարկի դիմումը մերժվել է: Թե ինչու է ինքնաբացարկ հայտնել, պատճառը ՔՊ խմբակացությունից պարզել չհաջողվեց, «Ազատության» զանգերն անպատասխան մնացին: Իսկ դիմումը մերժել են քանի որ, ասաց ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը, «ինքը չներկայացավ, դրա համար իր դիմումը մերժվեց՝ որոշում կայացվեց մերժել դիմումը»:
Հիմա Գյումրիի ավագանիում ընդդիմադիրների ձայները 16-ն են, մանդատները հաջորդող համարներին փոխանցելուց հետո կդառնան 18-ը: Առայժմ պարզ չէ՝ ՔՊ-ն շարունակելո՞ւ է բոյկոտը, թե՞ ոչ: Վերջին նիստից հետո նրանք իրենց բոյկոտի պատճառն այդպես էլ չբացահայտեցին: Եթե ավագանու նիստերը երեք ամիս տապալվեն, ավագանին կլուծարվի, ու նոր ընտրություններ կնշանակվեն: