Գյումրիի ավագանու այսօրվա նիստը, ինչպես և սպասվում էր, լարված անցավ: Օրակարգում Սահմանադրական դատարան դիմելու հարցն էր: Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ցանկանում է վիճարկել պետբյուջեի կետերից մեկի սահմանադրականությունը, իսկ վերջնանպատակն է դատարանի միջոցով Կառավարությունից պահանջել Գյումրիից հավաքագրվող շուրջ 85 մլրդ դրամ եկամտահարկից ու շահութահարկից համայնքային բյուջե 27.5 մլրդ դրամի վերադարձը:
Ղուկասյանը պնդեց, որ Կառավարությունը 7 տարում մեկ բնակարան չի կառուցել, միայն ասֆալտապատում են արել: Ի՞նչ զարգացման ծրագիր ունի Կառավարությունը Գյումրիի համար, հարցնում է քաղաքապետը: Եթե այդքան գումար վերադարձվի տեղական բյուջե, ապա շատ հարցեր համայնքապետարանն իր վրա կվերցնի. - «Հիմա եթե կարողանանք մենք այդ գումարները, որոնք հիմա տարվում են քաղաքից, քաղաքի բյուջեն ավելացնել, կտեսնեք, որ մենք ինչքան, ուրեմն, բնակարաններ կկառուցենք և պետության հոգսն էլ կթոթափենք, մենք կվերցնենք մեր վրա, ու մենք կարող ենք դա անել»:
«Քաղաքացիական պայմանագրի» անդամները պատրաստված էին եկել: Վահագն Մկրտչյանը Կառավարության վերջին 7 տարվա իրականացրած ծրագրերը ներկայացրեց՝ դոտացիան է ավելացել, սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում ու պետական այլ ծրագրեր ևս: Հաշվել էին այս ամենի արդյունքում կատարված ներդրումը:
«Եվ եթե վերջապես էս բոլոր թվերը գումարենք իրար, ապա կստանանք շուրջ 77.1 միլիարդ դրամի ներդրում՝ դա 2018 թվականից սկսած», - հայտարարեց Մկրտչյանը, Գյումրիի քաղաքապետին էլ հորդորեց. - «Ձեր ժամանակը, Ձեր էներգիան, Ձեր աշխատակիցների ժամանակը, էներգիան եթե տրամադրեք Գյումրի համայնքի ավագանու կողմից լիազորված բյուջեի կատարմանը՝ դա հավաքագրման, ինչպես նաև ծախսերի մասով է, ինձ թվում է՝ մեր համայնքի բյուջեն է՛լ ավելի կավելանա»:
Ղուկասյանը հակադարձեց՝ եթե 77 մլրդ դրամ ներդրվել է, ո՞ւր է ստեղծված գեթ մեկ աշխատատեղը կամ կառուցած բնակարանը: Իսկ գումարների հավաքագրման հարցում էլ, պնդեց, խանգարողներ կան:
«Եթե էսօրվա ղեկավարաց նախարարությունները մեզ ոտք չպահեն, մենք շատ գործ կանենք», - վստահեցրեց քաղաքապետը:
Ավագանու ՔՊ-ական անդամներն իրար հերթ չտալով քննադատում էին քաղաքային իշխանությանը, թե չեն աշխատում: Էմմա Բարսեղյանը նկարներ էր բերել իր հետ ու հասնելով ամբիոնին՝ Ղուկասյանին հարցրեց. - «Ո՞վ է Ձեզ ճնշում, որ Գյումրին դարձրել եք աղբանոց բաց երկնքի տակ»:
Հետո նկարները ցույց տվեց Մուշ թաղամասում նոր աղբանոցի վերածված հատվածից:
ՔՊ-ականը մյուս ուժերին փորձեց նաև կարգի հրավիրել, թե բանուգործ թողած՝ 26 թվականին ՔՊ-ի ստանալիք ձայների գուշակությամբ են զբաղված:
«Իշխանությունը պատկանում է և պատկանելու է ժողովրդին, և կեցցե; անկախ Հայաստանի Հանրապետությունը», - հայտարարեց Բարսեղյանը:
«Ուռա՜ ընկերներ», - ծիծաղելով արձագանքեց քաղաքապետը:
ՔՊ-ականներից Քնարիկ Հարությունյանը Վարդան Ղուկասյանին հիշեցրեց, որ համայնքային աշխատողների աշխատավարձերը 30 տոկոսով բարձրացել են Կառավարության տրամադրած դոտացիայի հաշվին. - «Ձեր աշխատավարձը 30 տոկոս բարձրացել է բացառապես Կառավարության տրամադրած դոտացիայի շնորհիվ»:
«Սուտ», - հակադարձեց քաղաքապետը:
«Ոչ, պարոն Ղուկասյան, դա այդպես է», - պատասխանեց Հարությունյանը:
Քնարիկ Հարությունյանն ընդգծեց, որ ՍԴ դիմելու նախաձեռնությամբ համայնքապետարանը խոչընդոտում է Կառավարություն-համայնք աշխատանքին ու խանգարում Գյումրիի զարգացմանը: Ղուկասյանին սատարած մյուս ուժերին էլ, թե «էստեղ կան գործընկերներ, որոնք տարբեր առիթներով ասում են, որ «մենք դե Վարդան Ղուկասյանին ձայն ենք տվել, բայց պատասխանատվություն չենք կրում, այ այս նախագծին երբ որ քվեարկեք, վստահաբար պատասխանատվություն կրելու եք, ուզեք թե չուզեք»:
Վարդան Ղուկասյանը սա շանտաժ որակեց. - «Շանտաժի լեզվով, ոնց որ ես հասկացա, շանտաժի լեզվով եք խոսում՝ «եթե դուք քվեարկեք, հետագայում մեզանից չնեղենաք»: Այսինքն՝ մարդիկ էսօր գործեր են հարուցված վրեքը, բան, ինչ-որ զգաստացնում եք: Տեսնում ենք, էլի, թե ում վրա է գործեր հարուցված»:
«Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը ևս արձագանքեց ՔՊ-ականների ելույթներին. - «Իսկ ինչ վերաբերում է պատասխանատվությունը, որ էստեղ, կարելի է ասել, մեղադրանքի տեսքով է հնչում, էդ պատասխանատվության ձեռքը «Քաղաքացիական պայմանագիր»-ը էսօր կրակն է ընկել, վերցրել է կախում է այստեղ, այնտեղ, այնտեղ, որովհետև կարծես չի վերցում էդ պատասխանատվությունը: Ուզում եմ հիշեցնել՝ այստեղ, այս դահլիճում լեգիտիմ ավագանու կազմով ընտրվել է քաղաքապետ և կա գործող քաղաքապետ, և ունենք գործադիր գործող քաղաքապետարան, համայնքապետարան՝ համապատասխան բաժիններով, պատասխանատվությունը ամբողջությամբ քաղաքապետի և գործադրի վրա է»:
Իսկ «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն առաջարկեց հարցը հետաձգել, լսել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ով հուշել էր Ղուկասյանին այս մասին, հետո նոր դնել քվեարկության. - «Որ մենք հստակ պատերացում ունենանք, մեր համաքաղաքացիներն էլ հստակ պատկերացում ունենան, որ սա բոլորիս կողմից զուտ ամբիցիայի հարց չի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը դատի տալը, ըստ այդմ՝ մենք եր որոշումը էդ ամեն ինչից հետո կկայացնենք»:
Վիճեցին, փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին, բայց հարցը քվեարկության չհասավ. Ղուկասյանն այն հանեց օրակարգից, սակայն Կառավարությանը դատի տալու մտադրությունից չի հրաժարվում: