Մատչելիության հղումներ

Գյուղերում կրճատվում է անասնագլխաքանակը. «պատճառը կենդանիներին սպանդանոց հանձնելու պահանջն է»


Չնայած անցած տարի շարժական սպանդանոցներ հիմնելու համար կառավարությունը արտոնություններ սահմանեց թե՛ անհատների ու թե՛ համայնքապետարանների համար, ծրագրի 5 ամիսներին այդպես էլ որևէ դիմում, պետական ծրագրերին մասնակցելու որևէ նախաձեռնություն դեռ չի եղել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից:

Մինչ նախարարությունից սպանդանոցներ հիմնելու նախաձեռնությունների են սպասում, գյուղերում կրճատվում է անասնագլխաքանակը: Մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովո գյուղում, որտեղ ավանդաբար անասնապահությամբ են զբաղվում, վերջին մի քանի տարում խոշոր եղջերավորները նվազել են 30 տոկոսով:

Գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Արարատ Աբրահամյանն ասում է՝ պատճառը կենդանիներին սպանդանոց հանձնելու կառավարության պահանջն է:

«Գնալով ամեն տեղ անասնապահությունը կրճատվում է: Դա կառավարության սխալն է, որովհետև իրացում չկա, սպանդանոցները, մեծ կոմբինատները... 40-50 կմ մարդ ստեղից պետք է տանի մի հատ, մի հատ նորից գնա բերի: Վստահություն չկա ոչ մի բանի, ու շատ էժան գներ», - ասաց Աբրահամյանը:

2023-ի վերջին էր, որ Հայաստանում արգելվեց ոչ սպանդանոցային մորթը: Ֆերմերը կամ հասարակ գյուղացին այլևս չէր կարող նախկինի պես մորթել իր անասունին ու շուկա հանել: Սրանից սկսեցին դժգոհել թե՛ անասնապահները ու թե՛ շուկայի մսավաճառները:

Պաշտոնական տվյալներով՝ հանրապետությունում գործող 127 սպանդանոց կա, բայց վնասով են աշխատում թե՛ սպանդանոցները ու թե՛ գյուղացին, որ պարտավոր է իր կովը սպանդանոց հասցնել:

Անցած տարեվերջին կառավարությունը գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերման համար նոր արտոնություններ սահմանեց: Շարժական սպանդանոցներ ձեռքբերելու դեպքում գրեթե ամբողջությամբ փոխհատուցում է ծախսը, սուբսիդավորում վճարած տոկոսները: Կառավարությունն այս հնարավորությունն ստեղծեց նաև համայնքապետարանների համար, որոնք կարող են շահագործել շարժական սպանդանոցները՝ որպես համայնքային կառույցներ:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էր բացատրում՝ համայնքներին անհասանելի են սպանդանոցները, սա թիվը մեծացնելու լավ տարբերակ է: Մինչ այժմ աջակցման ծրագրերը մասնավորին են ուղղված եղել, բայց սպանդանոցներ ստեղծելու նախաձեռնությունները քիչ են եղել, բացատրում էր փոխվարչապետը: Օրինակ՝ Շիրակի մարզում առհասարակ գործող սպանդանոց չկա: Մյուսներում էլ բավարար չեն:

Բայց միևնույն ժամանակ դեռ այդ նույն նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավատես չէր, թե ծրագիրը հաջողություն կունենա ու համայնքներում սպանդանոցներ կստեղծվեն:

«Ես, անկեղծ ասեմ, էս մոդելի հետ կապված լավատես չեմ, բայց եթե քննարկել եք, եկել եք եզրակացության, որ սա կարող է մեր հարցը լուծի, որոշ ժամանակ անց փորձենք վերադառնալ: Բայց իմ ընկալումն այն է, որ սա լավ ու ճիշտ ճանապարհ չի», - ասել է վարչապետը:

Այսօր Էկոնոմիկայի նախարարությունից չմեկնաբանեցին՝ ունե՞ն հաշվարկներ՝ որոնք են պետության աջակցության այս ծրագրին չդիմելու պատճառները, ասացին՝ դեռ ժամանակ կա, մինչև այս տարվա վերջ շահառուներն իրավունք ունեն դիմելու: Հետաքրքրվողներ կան, գուցե նաև նախաձեռնողներ լինեն:

XS
SM
MD
LG