Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքն օրերս հաղթանակ է տարել ընդդեմ դատախազության: Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել 90-ականների մի գործարք: Դրանով մայրաքաղաքի ամենակենտրոնում գտնվող շենքի տարածքը վաճառվել էր Սուքիասյաններին:
«Դուք ձեր տունն ինչի՞ չեք տալիս պետությանը, դե տվեք...ես էլ «Սիլ Պլազա»-ի պես շենք էդ մի հատն ունեմ», - վարչապետի թիմակից պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դեռ երկու տարի առաջ էր լրագրողների հարցին հարցով պատասխանել ու հավելել՝ չի կարծում, որ իրավական գործընթացներով իշխանությունն իրեն ուղերձ է փոխանցում:
«Լսեք՝ ես չեմ կարծում՝ ինձ ուզում են բան հասկացնել, որովհետև ես շատ արագ եմ հասկանում, և ես ինքս եմ որոշումներ կայացնում, այնպես որ հանգիստ եղեք». Այս հայտարարությունից երկու տարի անց Հակակոռուպցիոն դատարանը մերժեց քննել գործարքը, որը 28 տարի առաջ կնքվել է գործող նախագահ, այն ժամանակ Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի օրոք պատգամավորի հոր՝ Ալբերտ Սուքիասյանի հետ:
2011 թվականին պատգամավորի հայրը՝ Ալբերտ Սուքիասյանը հպարտանում էր մայրաքաղաքի սրտում գտնվող 1870-ին կառուցված շինությանը նոր տեսք տալու իր ջանքերով:
Ժամանակին Երևան քաղաքին, իսկ այժմ «Գռզո պլազա»-ին պատկանող շենքի կասկածելի գործարքը բացահայտել էր «Հետք»-ի լրագրող Տիրայր Մուրադյանը:
«90-ականներից առաջ այստեղ եղել է գրախանութ մեկ հարկանի և կից շինություններ բնակելի, բանալիների արհեստանոց», - ասաց Տիրայր Մուրադյանը:
Սուքիասյաններին Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանը շենքը փոխանցել էր ավելի քան 5.000 դոլարով: Ըստ դատախազության, տարածքը օգտագործման իրավունքով է տրվել Սուքիասյաններին, այսինքն, սեփականության իրավունքով փոխանցվելու մասին որոշում չի եղել, հետևաբար սեփականաշնորհումն ապօրինի է:
«Էս տարածքը հատկացվել է Սուքիասյաններին, այսինքն, Խաչատուր Սուքիասյանի հոր ղեկավարած կոոպերատիվին, որպեսզի այստեղ կառուցի հայ նկարիչների նկարները վաճառելու կենտրոն», - ներկայացրեց Մուրադյանը:
«Հետք»-ի հրապարակումից հետո 2022-ին իրավապահները քրեական գործ էին հարուցել, դատախազությունն էլ սկզբում դիմել էր վարչական դատարան ու պարտվել: Ապա անցած տարի դիմել էր Հակակոռուպցիոն դատարան, բայց վերջինս, ինչպես և վարչական դատարանը, գործի բուն քննությանը չի էլ հասել՝ եզրահանգել է, որ դատախազությունը բաց է թողել 1 տարվա ժամկետը, այսինքն՝ երբ տեղեկացել է խախտման մասին, ժամանակին չի դիմել դատարան, իսկ սա նշանակում է, որ գործը պետք է փակել:
Դատախազությունը, սակայն, դատարանում պնդել է, որ ժամկետ չի խախտել, ավելին՝ գործարքն անվավեր ճանաչելու հիմքերի մասին 2023-ին է իմացել:
«Էս դեպքում ես լավատես չեմ, որ վերջնարդյունքում էս գույքը, հողամասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը, որովհետև նման դատավարությունները ունեն նաև քաղաքական ու տնտեսական ենթատեքստ, մենք չպետք է մոռանանք, թե ում է վերաբերում այս գույքը կամ ում է պատկանում գույքը: Մի քաղաքական գործչի, որը տնտեսական ու քաղաքական ազդեցություն ունի Հայաստանում», - նշեց լրագրողը:
«Մենք էդ պատասխանատվությունը շարունակում ենք կրել և ինչ որ ասել ենք, անելու ենք, այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Հետաքննող լրագրողը հիշեցնում է վարչապետ Փաշինյանի՝ վերջերս շրջանառության մեջ դրված կարգախոսը՝ թալանը հատիկ առ հատիկ հետ բերելու մասին: Սա, սակայն, նրա թիմակցին չի վերաբերում՝ ընդգծում է լրագրողը.
«Իշխող թիմի անդամն ու իշխանության ցանկացած նախաձեռնության աջակցումը հրապարակային ջանք է դնում, և միայն դատախազության կամ Հակակոռոպցիոն դատարանի դատավորով չի պայմանավորված: Իմ կարծիքով՝ սա քաղաքական դատավարություն է, և էդտեղ ցանկացած ելք պետք է նայել քաղաքական տրամաբանության մեջ»:
Գլխավոր դատախազությունից չեն արձագանքում՝ կբողոքարկե՞ն որոշումը, թե՞ հին Երևանի շենքը կմնա իշխանական պատգամավորի ընտանիքի ձեռքում: