ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավարը կրկին կոչ է արել Իրանին թույլ տալ միջազգային փորձագետներին ստուգումներ անցկացնել անցած հունիսին Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում։
Սա արդեն գործակալության երկրորդ հորդորն է անցած մեկ շաբաթվա ընթացքում։ Զուգահեռ, ըստ AFP-ի, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան նախատեսում են այս շաբաթ բանաձևի նախագիծ դնել քվեարկության, որը ընդգծում է՝ Նաթանզի ու Ֆորդոյի՝ Իրանի հիմնական միջուկային օբյեկտների բացումը «հրամայական» է Իրանի համար։ Թեհրանն իր հերթին զգուշացրել է արևմուտքին զերծ մնալ հակաիրանական այդ բանաձևի ընդունումից։ Փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին անցած կիրակի հայտարարել է, որ դա կստիպի Իրանին «հիմնովին վերանայել» գործակալության հետ հարաբերությունները։
Մինչ այդ, սակայն, մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ հաղորդել էին, թե Իրանը արագացրել է Նաթանզի օբյեկտի մոտ գտնվող գաղտնի ստորգետնյա միջուկային օբյեկտի շինարարությունը։