Մատչելիության հղումներ

Գրիգորյանը խուզարկությունը իր քննադատության հետ է կապում

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյան, արխիվ
«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տանը, մեքենայում ու ԲՀԿ շտաբում շուրջ յոթ ժամ տևած խուզարկություններից հետո քննիչները փաստաթղթեր ու համակարգիչներ առգրավեցին: Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, ժամեր շարունակ չի հայտնում, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում էին քննչական գործողությունները և ինչի մեջ է կասկածվում ընդդիմադիր պատգամավորը: Մարտուն Գրիգորյանն էլ առավոտյան շատ մանրամասներ չբացահայտեց, միայն ակնարկեց, որ առաջիկա ընտրությունների հետ է կապված:

«Հիմնականում ընտրությունների հետ կապված ինչ-որ կրիչներ, փաստաթղթեր, չեկեր, փոխանցումներ, ինչ-որ նմանատիպ բաներ», - լրագրողներին ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ գտա՞ն, նա արձագանքեց. - «Իհարկե ոչ: Դատարանի որոշումով եկել էին խուզարկություն իրականացնելու՝ բնակարանը, մեքենան, հիմա էլ գնում են գրասենյակ՝ նախընտրական գրասենյակ»:

«Հակակոռուպցիոն՝ էդ մասով է, ինֆորմացիա էս պահի դրությամբ չեմ կարող տալ՝ կոնկրետ ինչի մասին է, որովհետև նաև ստորագրություն եմ տվել ինֆորմացիա դուրս չտալու վերաբերյալ: Ես երեկ ելույթի ժամանակ ասեցի, որ մենք սպասելու ենք, ես իմ ելույթի ժամանակ ասելուց հետո գիտեի, որ էսօր սպասելի էր էս ամեն ինչը և... Նորմալ է, 2025 թվականի ձեռագիրը շարունակվում է», - նշեց ԲՀԿ պատգամավորի թեկնածուն:

Մեկ տարի առաջ Գյումրիում նաև Մարտուն Գրիգորյանի առաջնորդած դաշինքի աջակցությամբ քաղաքապետ ընտրվեց ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանը, ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը կորցրեց իշխանությունը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում:

Երեկ նախընտրական հանդիպման ընթացքում քննադատելով գործող իշխանություններին՝ Գրիգորյանը պնդել էր, թե առաջիկա ընտրությունների ելքը «Գյումրի 2» է լինելու:

«Մեր պրինցիպը եղել է ապացուցել, ցույց տալ, որ այս իշխանություններին հենց ընտրություններով հնարավոր է հաղթել: Եթե Հայաստանի Հանրապետությունում մարդիկ կասկածում էին, ապա պիտի հետ հայացք նետեն և տեսնեն, որ էդ ամեն ինչը հնարավոր է եղել Գյումրիով, ու էդ ամեն ինչը արել է գյումրեցին: Ժամանակին Գյումրուն մեղադրում էին, որ ամեն ինչ ձեզանից սկսվեց, էդ քայլը ձեզանից արվեց, դա դառել էր մի տեսակ խարան գյումրեցիների ճակատին, որ ամեն ինչ ձեզանով է սկսվել, բայց բոլորս գիտենք՝ էստեղից ոչ մի բան էլ չի սկսվել, բայց էստեղից սկիզբ դրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությանը», - հայտարարել էր ԲՀԿ պատգամավորի թեկնածուն:

Մարտուն Գրիգորյանն այսօրվա խուզարկությունը իր քննադատության հետ է կապում ու պնդում, թե այսպես խոչընդոտում են իրենց քարոզչությանը. - «Ուղղակի սա տանում է նրան, որ մենք էլի քարոզարշավի մեջ ենք, քարոզարշավը էսօրվա դրությամբ ամբողջությամբ պարալիզացվեց մեր աշխատանքը, գրասենյակը, թիմը, ոչ մեկ ոչ մի բանով չի կարող զբաղվել, խանգարելու, խոչընդոտելու միջոց է»:

Իշխանությունները հերքում են ճնշումների մասին ընդդիմության պնդումները՝ նրանց պարբերաբար քննադատելով ընտրակեղծարարությունների համար: Անցած տարի Գյումրիի տեղական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ խուզարկել էին Մարտուն Գրիգորյանի դաշինքի շտաբն ու ձերբակալել որդուն ու հորը: Նրանք հիմա ազատության մեջ են, մեղադրվում են նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար: Այս գործով դատական վճիռ դեռ չի կայացվել:

Իսկ այս նոր վարույթի մասին Հակակոռուպցիոն կոմիտեն որևէ նոր տեղեկություն ամբողջ օրվա ընթացքում հրաժարվեց տրամադրել:

Փոխարենը, երեկոյան հայտնեցին, թե ԲՀԿ ներկայացուցիչները ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների ընտրակաշառք են տվել: Հարուցվել է վարույթ, ու մի քանի մարդ է ձերբակալվել, թե քանիսը, չեն հայտնել:

Սա նախընտրական շրջանում ընտրակաշառքի առաջին գործն է, որ վերագրվում է գործարար Գագիկ Ծառուկյանի ուժին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG