Գործարար Նարեկ Նալբանդյանին առնչվող քրեական վարույթ է քննվում փողերի լվացման հատկանիշներով։ Այս մասին հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:
Թե կոնկրետ ինչ գործի մասին է խոսքը կամ արդյոք մեղադրյալ
է Նարեկ Նալբանդյանը, թե ոչ, Վարդապետյանը չհստակեցրեց:
«Ես անցած տարի բարձրաձայնեցի Հովիկ Աբրահամյանի առանձնատան թեման, որը որ մեկ գիշերում անհասկանալի հանգամանքներում արգելանքից հանվել էր և վաճառվել, օտարվել այսօրվա իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունեցող մի գործարարի: 2022 թվականից այս գործը, այս վարույթը քննվում է: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ խոչընդոտներ կան, որ արդեն չորս տարի հնարավոր չի բացահայտել», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
«Երկրորդ, նույն գործարարին առնչվող՝ «Գոլդեն փելիս» հյուրանոցը: Պետությունը երբ որ նվիրատվությամբ ստացավ այդ հյուրանոցը Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավարից՝ Արմեն Ավետիսյանը նվիրաբերեց, պետությունը այն գնահատեց 15 միլիարդ 800 միլիոն դրամ: Բայց հանկարծակի, կամ չգիտեմ ինչ հանգամանքներում նույն Նարեկ Նալբանդյանը՝ նույն իշխանությունների սիրելի գործարարը, նույն գույքը գնեց 5 միլիարդ դրամով, այն էլ՝ մարելու տարբերակով: Ո՞նց դա տեղի ունեցավ, բա այդտեղ պետական շահը չի ոտնահարվե՞լ», - շարունակեց Թովմասյանը:
«Ձեր բառերով ասած սիրելի գործարար մասին, որ նշում էիք, ես ենթադրում եմ՝ ճիշտ եմ հասկանում ում մասին է խոսքը, [...] քրեական վարույթ է քննվում ոչ միայն Ձեր կողմից նշված հանգամանքների հետ կապված, այլև մի շարք այլ արարքների հետ կապված, որոնք, մեր նախնական գնահատմամբ, փողերի լվացման հատկանիշներ են պարունակում», - պատասխանեց գլխավոր դատախազը: