Մատչելիության հղումներ

Ալիևի «զանգեզուրյան» պահանջը, հայկական երկաթուղու ռուսական «տիրությունը», կաթողիկոսին կողմ ու դեմ ԱԺ-ը

Շաբաթվա գլխավոր փոխատեղումն Արմեն Գրիգորյանի հեռացումն էր անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Գրիգորյանը Փաշինյանի այն եզակի թիմակիցներից էր, որ կարողացել էր առանց ընդհատումների նույն պաշտոնում աշխատել ավելի քան ութ տարի։

Մերձ քաղաքական շրջանակներում ենթադրություններ էին շրջանառվում, որոնց համաձայն Արմեն Գրիգորյանից Փաշինյանի դժգոհության գլխավոր պատճառը Ադրբեջանի հետ կուլիսային շփումներում արձանագրված անհաջողություններն էին։

Ըստ շրջանառվող լուրերի հունիսի 7-ի ընտրություններից հետո Գրիգորյանն ադրբեջանցիներին այդպես էլ չէր կարողացել համոզել հետ կանգնել խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր նախապայմանից՝ նոր Սահմանադրության ընդունումից։

Այս շաբաթ նաև հստակ երևաց՝ Հայաստանին վերաբերող ադրբեջանական ծրագրերը միայն Սահմանադրության փոփոխությամբ չեն սահմանափակվում։ Օգոստոսի 11-ին Նախիջևանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում Իլհամ Ալիևը 10 անգամ օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն, այս անգամ կենտրոնանալով Սյունիքը, որպես Ադրբեջանը Նախիջևանին կապող էներգետիկ միջանցք օգտագործելու հեռանկարներին։

Հայաստանում երկաթուղու առկայությունն, ավելի ճիշտ դրա ռուսական կոնցեսիոն կառավարումը շարունակում է մնալ Երևանի և Մոսկվայի գլխավոր տարաձայնություններից մեկը։ Այս շաբաթ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայկական երկաթուղիներում ռուսական ներկայության նվազեցման նոր, իր բնորոշմամբ, բարեկամական առաջարկներով։

Այս շաբաթ Ազգային ժողովի ամբիոնից հնչած գլխավոր ելույթի հեղինակը «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանն էր։

Սխալ կլիներ պնդել, թե Ղազարյանի այս ելույթն իր տոնայնությամբ ու բառամթերքով ավելի կոշտ էր, քան նախորդ օրերին այդ նույն ամբիոնից հնչեցված բազմաթիվ այլ հայտարարությունները, նախևառաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ անդամների կատարմամբ։ Չնայած դրան, «սրիկայաբար» բառը իշխող կուսակցության անդամների համար Ղազարյանից հաշիվ պահանջելու հարմար պատրվակ դարձավ։

Իրավիճակը լարվում էր նաև մինչև «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի աղմկահարույց ելույթը, երբ ՔՊ-ի անդամները, որոնք նախընտրական շրջանում գերադասում էին բառ անգամ չասել Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին, սկսում էին հիշատակել նրա ավազանի անունը։

Մանրամասները տեսանյութում.

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG