Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է. Փաշինյան


«Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել է և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար»,- այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականի եզրափակիչ ելույթում նշեց, թե շուրջ 30 տարի կառուցել ենք մի պետություն, որը հիմնականում նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մեծամասնությունը հաշտ է եղել այդ մոդելի և այդ նպատակադրման հետ: Ինքը նույնպես լիարժեքորեն հաշտ էր դրա հետ մինչև այն պահը, երբ որպես Հայաստանի վարչապետ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց քայլ առ քայլ հասկացել է, որ եթե Հայաստանի համար անկախությունը և պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի իրենց պատկերացրած լուծման համար, ապա մի շարք արտաքին դերակատարների համար «Ղարաբաղի հարցը միջոց է մեր պետականությանը վերջ դնելու համար»:

«Ղարաբաղյան շարժումը օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է, և այն շարունակելու մեր հավաքական ջանքը ընդամենը օգտագործվում է Հայաստանի առանց այն էլ թուլացած անկախությանն ու պետականությանը վերջ դնելու համար», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Շուրջ չորս տասնամյակ շարունակվող Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու մասին Փաշինյանը հայտարարել էր նաև մարտին խորհրդարանում: Նրա այդ հայտարարությունը դահլիճում կրքեր էր բորբոքել ու քննադատությունների արժանացել:


XS
SM
MD
LG