Մատչելիության հղումներ

«Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է», - Բաքվում հայտարարել է Իրանի նախագահը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, Բաքու, 28-ը ապրիլի, 2025թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, Բաքու, 28-ը ապրիլի, 2025թ.

Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, այսօր Բաքվում հայտարարեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ընդգծելով, որ Թեհրանն ու Բաքուն մշտապես աջակցել են միմյանց տարածքային ամբողջականությանը։

«Մենք պնդում ենք, որ Ադրբեջանի ժողովրդի իրավունքները պետք է հարգվեն, և Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին», - ըստ իրանական «Մեհր» գործակալության՝ հայտարարել է Փեզեշքիանը, ընդգծելով, թե իր այցը Բաքու կամրապնդի Իրանի ու Ադրբեջանի կապերն ու միասնությունը։

Ամերիկյան Associated Press-ը փաստում է, որ սա Իրանի նախագահի եզակի այցերից է հարևան երկիր, որի հետ Թեհրանի հարաբերությունները տարիներ շարունակ լարված են եղել, հիմնականում՝ Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ կապերի պատճառով։ Լարվածությունն է'լ ավելի խորացավ երկու տարի առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո։ Վերջին շրջանում, սակայն, կողմերը հրապարակավ ջերմացման նշաններ են ի ցույց դնում, անցած նոյեմբերին, օրինակ, կողմերը Կասպից ծովում համատեղ զորավարժություններ անցկացրին, այսօր էլ համագործակցության մասին 7 համաձայնագիր ստորագրեցին, այդ թվում՝ երկու երկրների արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու, տրանսպորտի ու հաղորդակցության ոլորտում կապերն ընդլայնելու վերաբերյալ։

«Նախագահ Փեզեշքիանի այցը՝ այսքան մեծ պատվիրակությամբ, ինչպես նաև բազմաթիվ կարևոր փաստաթղթերի ստորագրումը, այդ թվում՝ նախագահների մակարդակով, ևս մեկ անգամ ի ցույց է դնում բոլոր ոլորտներում մերձենալու մեր կամքն ու հաստատակամությունը», - հայտարարեց Իլհամ Ալիևը։

«Մեր երկու երկրները կարող են համատեղ լուծել բոլոր հարցերը՝ բանակցությունների միջոցով», - իր հերթին, պնդեց Իրանի նախագահը, հավելելով. - «Մենք չպետք է թույլ տանք, որ այլոք մեզ միմյանց դեմ հանեն»։ Թե կոնկրետ ում նկատի ուներ՝ Փեզեշքիանը չմանրամասնեց, սակայն մինչ այդ Իրանը չի թաքցրել դժգոհությունն ու մտավախությունը, որ Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել Իսրայելի՝ Բաքվին զենքի խոշոր մատակարարի կողմից՝ Իրանին հարվածելու համար։ Ուշագրավ է, որ Փեզեշքիանի այցից տասն օր անց՝ մայիսի 8-ին էլ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Բաքու կայցելի։

Մինչ այդ, Ադրբեջանի նախագահն այսօր կրկին հավաստիացրել է, թե իրենց համար մշտապես առաջնային են եղել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը:

«Այսօր մենք որպես երկու անկախ պետություններ կարևոր դեր ենք խաղում մեր տարածաշրջանում, և երկուսս էլ համակարծիք ենք և հավատարիմ այն քաղաքականությանը, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից», - ասել է Ալիևը։

Տարածաշրջանում տարաձայնություններից մեկը Ադրբեջանի ասած «Զանգեզուրի միջանցքն» է, որով Բաքուն ցանկանում է Հայաստանի տարածքով անխոչընդոտ կապ ունենալ Նախիջևանի հետ։ 44-օրյա պատերազմից հետո Թեհրանը մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, թե դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը, այսօր, սակայն, նախագահ Փեզեշքիանն այս հարցը չհիշատակեց։ Փոխարենը խոսեց իսլամական երկրների միջև հնարավոր փոխգործակցության մասին. - «Եթե իսլամական երկրները և նրանց տարածաշրջանային հարևանները միավորվեն, նրանք կկարողանան ապահովել ավելի հաջողակ մոդել, քան այն, ինչ մենք տեսնում ենք այսօր Եվրոպայում»։

Երկու տարի առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո, որի ընթացքում ադրբեջանցի մի դիվանագետ զոհվել էր, անվտանգության երկու աշխատակից՝ վիրավորվել, Բաքուն փակեց իր դեսպանատունը Թեհրանում, երկու երկրները ետ կանչեցին իրենց դիվանագետներին։ Ադրբեջանն իր դեսպանատունը վերաբացեց միայն անցած տարվա կեսերին, երբ Իրանի դատարանը մահապատժի դատապարտեց հարձակվողին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG