Մատչելիության հղումներ

Ղարաբաղում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մշակվում է քաղաքական մակարդակով․ ՌԴ ԱԳՆ


Տեսարան Ստեփանակերտից, արխիվ
Տեսարան Ստեփանակերտից, արխիվ

Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մշակվում է քաղաքական մակարդակով, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության հյուպատոսական բաժնի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։

ՏԱՍՍ-ը, մասնավորապես հետաքրքրվել էր Կլիմովից, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո առաջընթաց կա՞ Ադրբեջանում ռուսական նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցում, կա՞ պատկերացում, թե երբ կբացվի նոր գլխավոր հյուպատոսությունը և կբացվի՞ արդյոք այն Ղարաբաղում։

Ռուսաստանի արտգործնախարարության հյուպատոսական բաժնի ղեկավարը պատասխանել է․ - «Քաղաքական մակարդակով ներկայումս մշակվում է Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի արտաքին նոր ներկայացուցչությունների բացման հարցը։ Ադրբեջանական կողմի հետ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո հյուպատոսական դեպարտամենտը կմիանա դրանց առնչվող գործնական քայլերի իրականացմանը»։

Այս տարվա հունիսին ռուսական կողմը հաղորդել էր, որ Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, սակայն, չէր հստակեցրել՝ որտեղ է Մոսկվան ցանկանում հյուպատոսություններ բացել։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն էր հայտարարել, որ Ռուսաստանը մտադիր է Ստեփանակերտում Գլխավոր հյուպատոսություն բացել և այդ հարցում ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը։ Ընդ որում՝ ռուսաստանցի պաշտոնյան իր խոսքում օգտագործել էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի ադրբեջանական անվանումը՝ Խանքենդի։

Պաշտոնական Բաքուն հրապարակավ չէր արձագանքել այս հայտարարությանը, սակայն Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, իշխանությունների քարոզչական խոսափողը համարվող Ռասիմ Մուսաբեկովն ասել էր, թե Մոսկվան այդ քայլով ցանկանում է վերականգնել ներկայությունը Ղարաբաղում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG