Մատչելիության հղումներ

gg-ն գործում է՝ չնայած ծագած խնդիրներին


Չնայած շաբաթօրյա խուզարկությունից հետո ավելի քան երկու տասնյակ համակարգիչ է առգրավվել gg ընկերությունից, օնլայն տաքսի ծառայությունը գործում է, ընկերության գլխամասային գրասենյակում աշխատանքային առօրյան նույնն էր։

«Խնդիրը լուծվեց նրա շնորհիվ, որ մենք տարածված ենք ամբողջ երկրի սահմաններով, ունենք մի քանի գրասենյակներ, ունենք նաև, բնականաբար, տեխնիկա, որը որ մենք ստիպված պետք է փոխարինեինք: Այսինքն, ալտերնատիվ տեխնիկայով փոխարինվել է, ու այս պահին ամեն ինչ իր հունով ընթանում է», - «Ազատությանը» ասաց gg ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Հայկազ Աղայանը:

gg-ն երեկ տարածած հայտարարությունում ակնհայտ անհիմն և անօրինական էր որակել ընկերությանն առնչվող քրեական գործը և պնդել՝ դրա միակ պատճառը հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն ու հասարակական գործունեությունն է:

Ավելի քան մեկ տարի առաջ հարուցված գործը հարկերը չվճարելու և փողերի լվացման հոդվածներով է, բայց Քննչականը որոշեց խուզարկություններ իրականացնել Խաչատուր Գրիգորյանի՝ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հավաքին միանալու կոչից և դրան վարչապետի աշխատակազմի ղեկավարի արձագանքից հետո։

gg-ի հիմնադիրը գրել էր. - «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է», իսկ Արայիկ Հարությունյանը դրանից հետո «հետևություններ» անելու մասին էր գրառում արել։

Մինչև հիմա իրավապահները չեն մանրամասնել, թե ընկերությունը որքան հարկ է թաքցրել և ինչպես են փողեր լվացել։

Ինչո՞ւ մեկ տարի առաջ հարուցված գործով միայն անցած շաբաթ որոշեցին խուզարկություն անել. Քննչականից «Ազատությանն» ասել էին՝ որովհետև հիմա է անհրաժեշտությունն առաջացել, մինչև այդ էլ են քննչական գործողություններ իրականացրել։

Ընկերության գլխավոր գործառնական տնօրենի խոսքով՝ համակարգիչներն առգրավելուց հետո խնդիրներ եղան, բայց կարողացան ելքեր գտնել, ավելին՝ իրենց սատարող հայտարարություններ եղան, նոր գործընկեր վարորդներ ավելացան, շատերը միացան gg-ի հավելվածին։

«Առգրավված են մեր ծառայության համար նախատեսված համակարգիչները, առգրավել են նաև մեր աջակցության թիմակիցների համակարգիչները, որը որ ուղղակի աջակցում էինք մեր գործընկերներին ու նաև պատվիրատուներին, ինչը նաև սկզբի շրջանում դժվար էր մի քիչ», - նշեց Աղայանը:

Ընկերության ղեկավարը ձերբակալված չէ, մեղադրյալի կարգավիճակ չունի, Խաչատուր Գրիգորյանի հետ կապ հաստատել «Ազատությանը» չի հաջողվում, ընկերությունից փոխանցեցին, որ նա և փաստաբանն առաջիկայում հանդես կգան մամուլի ասուլիսով։

Իսկ մինչ այդ, Քննչականը, արձագանքելով gg-ի հայտարարությանը, պնդեց՝ նախ՝ շաբաթ օրն անցկացված խուզարկություններին նախորդել են այլ քննչական գործողություններ, իսկ խուզարկությունները ստանդարտ գործընթաց են, և այս գործը պետք չէ կապել gg ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման հետ։ Ավելին, ըստ Քննչականի, ընկերության երեկվա հայտարարությունն ընդամենը ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է։

Քննչականը, սակայն, չի մանրամասնում՝ արդյո՞ք այս քրեական գործի մասին ընկերությանը ծանուցել է այն նախաձեռնելու սկզբում՝ մեկ տարի առաջ, թե՞ միայն Գրիգորյանի հայտնի գրառումից հետո։

«Յուրայինների նկատմամբ օրենքի սողանցքների միջոցով, իսկ հակառակորդների նկատմամբ՝ օրենքի ողջ խստությամբ». - «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը այստեղ ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական դրսևորումներ է տեսնում։ Ինչո՞ւ այդ գործը հենց հիմա ակտիվացրեցին, հարցնում է հակակոռուպցիոն մասնագետը:

«Ես որպես հակակոռուպցիոն փորձագետ՝ ինձ դա հետաքրքրում է, թե դա ինչ գործ էր եղել: Բայց որպես քաղաքացի՝ այստեղ, իհարկե, այլ մոտեցում և այլ վերաբերմունք ես ունեմ, այսինքն՝ եթե դա քնեցված էր, կոպիտ ասած, ինչի՞ հիմա արթնացրին, և այլն: Դա արդեն որպես հակակոռուպցիոն բնույթի քայլ չէի անվանի, սա լրիվ քաղաքական քայլ է», - ընդգծեց Հոկտանյանը:

gg ընկերությունն առաջինը չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության ներքո վերջին մեկուկես ամսում տեղի ունեցող ընդդիմադիր շարժման ընթացքում։ Երեք շաբաթ առաջ էլ էլի նույն՝ հարկեր չվճարելու և փողերի լվացման հոդվածներով մեղադրանք ներկայացվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մտերիմ գործարար Հայկ Շահնազարյանին։ Բագրատ սրբազանը պնդում է՝ իշխանությունը ճնշումներ է բանեցնում իր աջակիցների նկատմամբ, իշխանությունն, իր հերթին, հերքում է իրավապահների գործերին միջամտելու մեղադրանքները։

XS
SM
MD
LG