Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը ժամանել է Կիև։ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ Ուկրաինայի պաշտպանության վիճակին, ինչպես նաև տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչպես կարող է Բեռլինն օգնել Կիևին՝ ռուսական ագրեսիան չեզոքացնելու հարցում։
«Մենք ցանկանում ենք, որ այս սարսափելի պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, և վերականգնվի խաղաղությունը Եվրոպայում», - ասել է Մերցը՝ հավելելով, որ ցանկանում է վերահաստատել պահպանողական դաշինքի աջակցությունը։
«Ուկրաինան ուժեղ լինելու դեպքում Պուտինը պատրաստ կլինի բանակցություններ սկսել։ Եթե մեր աջակցությունը Ուկրաինային թուլանա, ապա այս պատերազմը կշարունակվի», - նշել է գերմանացի գործիչը։
Ավելի վաղ Ֆրիդրիխ Մերցը քննադատել էր Գերմանիայի կառավարությանը Ուկրաինային հեռահար զենք մատակարարելու հարցում ոչ վճռական դիրքորոշման համար։
Ի տարբերություն գործող կանցլեր Օլաֆ Շոլցի, Մերցը չի բացառում ուկրաինական զինված ուժերին գերմանական հեռահար Taurus հրթիռների տրամադրումը, ինչը Կիևը վաղուց էր խնդրում իր ենթակառուցվածքները ռուսական հարձակումներից պաշտպանելու համար։