ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտեբերգն այցելել է Կիև՝ Ուկրաինայի նախագահի հետ քննարկելու զենք-զինամթերքի մատակարարումը։
Համատեղ ասուլիսում Վլադիմիր Զելենսկին ասել է, որ կենսական կարևորություն ունեցող ամերիկյան օգնությունը քիչ քանակությամբ սկսել է տեղ հասնել, և անհրաժեշտ է արագացնել այդ գործընթացը։ Զելենսկին հայտարարել է, որ ռազմաճակատում իրավիճակը ուղղակիորեն կախված է զինամթերքի մատակարարման արագությունից։
«Ռուսական բանակը հիմա փորձում է օգտվել մի իրավիճակից, երբ մենք մատակարարումներ ենք սպասում մեր գործընկերներից, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներից, և հենց այդ պատճառով էլ մատակարարումների արագությունը նշանակում է կայունացնել ճակատը»,- ասել է Զելենսկին։
Նա կրկին ընդգծել է՝ Ուկրաինային «Փեթրիոթ» հակաօդային պաշտպանության համակարգեր և այդ համակարգի հրթիռներ են անհրաժեշտ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ զինամթերքի հոսքը կավելանա, և որ Ուկրաինայի հաղթանակի համար ուշ չէ։
Անցած տարի ուկրաինական ուժերի անհաջող հակահարձակումից հետո ռուսական ուժերը տիրել են նախաձեռնությանը և որոշակի հաջողությունների են հասել ուկրաինական բանակի զինամթերքի սակավության պատճառով։