Մատչելիության հղումներ

Գեներալ Միքայել Արզումանյանը դուրս եկավ բանտից

Լրացված

Գեներալ Միքայել Արզումանյան, արխիվ
Գեներալ Միքայել Արզումանյան, արխիվ

Երեք տարի կալանքի տակ մնալուց հետո Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն այսօր դուրս եկավ բանտից, արդեն տնային կալանքի տակ է: Այս որոշումը կայացրել է նրա գործը քննող Հակակոռուպցիոն դատարանը, տնային կալանքից բացի դատարանը կիրառել է նաև 30 միլիոն դրամ գրավ:

Փաստաբան Երեմ Սարգսյանը մանրամասնեց, թե ինչու երեք տարի հետո ի վերջո փոխվեց կալանքը: Նախ՝ մի դրվագով հարցաքննվել է վկաների մեծամասնությունը, իսկ երկրորդով՝ անցել է վաղեմության ժամկետը:

«Իրականության մեջ ինքը ի սկզբանե էլ չպետք է կալանավորվեր, որովհետև որևէ հիմք չկար նրան կալանավորելու: Ամեն ինչ շատ արհեստական ձևավորվեց և շատ արհեստականորեն ուռճացվեց: Հետագայում արդեն, երբ որ գործը դատարանում էր, կալանքը կար, վկաներին խոչընդոտելու հիմքի հարցը կար, դատարանում երբ որ էդ սկզբնական փուլն էր, մենք որոշակի ըմբռնումով էինք մոտենում՝ փորձելով հասկանալ, որ դե այս պահին կան վկաներ, և այլն, և այլն, նախորդ որոշումներ, հույս ունեինք, որ ավելի շուտ դատարանում էդ կալանքը կվերացվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Միքայել Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի գործերից մեկով: Նա Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերին, երբ պատերազմում ծանր վիրավորվել էր Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Պատերազմից շուրջ երկու տարի անց՝ 2022-ի սեպտեմբերին Արզումանյանը կալանավորվեց, և նրան մեղադրանք ներկայացվեց Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։

Ըստ մեղադրանքի՝ այդ անփութության հետևանքով հակառակորդի զինված ուժերին հաջողվել էր ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնել Շուշի քաղաքն ու մատույցները։

Շուշիի դրվագից բացի, Միքայել Արզումանյանը մեղադրվում է նաև պատերազմի առաջին օրերին Թալիշի Արեգա բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին նահանջի հրաման տալու համար։

Գեներալը մեղադրանքը չի ընդունում:

Հենց Շուշիի դրվագով էլ անցել է հանցանքի վաղեմության ժամկետը: Սա նշանակում է, որ եթե անգամ դատարանն այս դրվագով նրան մեղավոր ճանաչի, գեներալը, միևնույն է, չի ազատազրկվի:

«Պարոն Քյարամյան, պարոն Աբազյան, պարոն Խաչատրյան, պարոն Ղազարյան, բոլորդ սպաներ եք, ես պարբերաբար այցելում եմ Միքայել Արզումանյանին, ուղղակի, սպայի պատվի համար, ամեն ինչ արեք, որ նրա խափանման միջոցը փոխվի: Ուղղակի դա ահավոր բան է», - ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր ուղիղ մեկ տարի առաջ Արզումանյանին կալանքից ազատ արձակելու հարցը բարձրացրել խորհրդարանի ամբիոնից:

Այդ ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հակադարձել էր՝ լուրջ հիմքեր կան նրան պահելու բանտում: Ընդգծել էր՝ իրականությունը խեղաթյուրելու, վկաների վրա ազդեցություն ունենալու հանգամանքը հիմնավորվել է ոչ միայն հարցաքննություններով, այլև՝ այլ գործողություններով:

«Նախաքննության ընթացքում պարոն Արզումանյանը տասնյակ փաստարկներ ա բերել, տասնյակ մարդկանց ա վկայակոչել, որոնք ստուգվել են, և պարզվել ա, որ օբյեկտիվ իրականության հետ կապ չունեն: Սա էլ եղել ա վերջինին կալանքի տակ պահելու հիմքերից մեկը», - հայտարարել էր Քյարամյանը:

Մանուկյանը, որ այն ժամանակ հակադարձել էր քննչականի ղեկավարին, այսօր էլ է պնդում՝ Արզումանյանի կալանքը քաղաքական դրդապատճառներ ուներ, նա ինչպե՞ս կարող էր ազդել հարյուրից ավելի վկաների վրա:

«Միքայել Արզումանյանը 3 տարի 56 օր գտնվեց անազատության մեջ քաղաքական պատճառով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում էր Միքայել Արզումանյանին դարձնել էն թիրախը, Ազգային ժողովում երբ որ պարբերաբար խոսում էինք էդ թեմայով, ասում էր՝ «դե Շուշիի հարցով, հենա, տեսեք, կալանավորված կա, թող ինքը պատասխան տա», - «Ազատության» հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավորը:

Դեռ երկու տարի առաջ բանտից Արզումանյանը հայտարարել էր, թե Արեգասարի դեպքում ինքը իրավասություններ չի ունեցել, քանի որ Պաշտպանության բանակի հրամանատարը չէր: Ընդգծել էր՝ եթե նման հանցանք է կատարել, ապա ինչո՞ւ է դրանից մեկ ամիս անց նշանակվել Պաշտպանության բանակի հրամանատար:

Վարչապետ Փաշինյանն էր այդ ժամանակ ԱԺ քննիչ հանձնաժողովում պնդել, թե 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ հայկական ուժերը հետ են վերադարձրել Արեգասարի բարձունքը, գեներալներից մեկը պահանջել է դուրս բերել զորքը այդ բարձունքից։ Բայց պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ծավալուն զեկույցն այդպես էլ չհրապարակվեց, ու պարզ չէ՝ Արզումանյանի մասին այնտեղ ինչ է գրված:

Ինչ վերաբերում է Շուշիի անկմանը, Արզումանյանը նշել էր, թե Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, նրա խոսքով՝ «ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին, արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ՝ գետնի վրա»:

Արզումանյանի դատավարությունը դռնփակ է, մեղադրյալի կարգավիճակ ունեցող գեներալը պահանջել է դռնբաց անցկացնել, որ հանրությունը տեղեկանա մանրամասներին, բայց մերժվել է:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG